Home / Հայաստան / Ենթասպան դատարանի առջև կկանգնի զինվորներին ստորացնելու մեղադրանքով

Ենթասպան դատարանի առջև կկանգնի զինվորներին ստորացնելու մեղադրանքով

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահեստապետ, կոչումով ենթասպա Գագիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել անպարկեշտ ձևով շարքային զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը, ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը այս տարվա հունվարի 22-ին շարք չկանգնելու կապակցությամբ արված դիտողության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ օձիքից քաշքշել և ձեռքում գտնվող մատյանով հարվածել է մեկ այլ զորամասից իրենց զորամաս գործուղված պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Դավիթ Մկրտչյանի դեմքին: Այնուհետև, ըստ մեղադրանքի, ենթասպան ձեռքով հարվածել է այդ պահին իրենց մոտեցած զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Ղարիբյանին, ինչից հետո կրծքավանդակից հրել, այնուհետև ձեռքով հարվածել է նաև նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դերենիկ Մովսիսյանի դեմքին, և վերջիններիս ու վիճաբանությունը հանդարտեցնելու նպատակով միջամտած նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Ադամյանի հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Ենթասպային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործն ընդունվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթ:

Tekali Taxi