Home / Հայաստան / ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա. ԵԽԽՎ նախագահ

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա. ԵԽԽՎ նախագահ

Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված իր ջանքերը: Այս մասին այսօր  ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մինյոնը Երևան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստերին:

ԱԺ կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հայկական կողմը հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձևաչափում խաղաղ բանակցային ճանապարհով՝ հիմնված հայտնի երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման վրա:

«Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, և նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում», – ասել է ԱԺ նախագահը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը կարևորել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները՝ այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանի դերը:

«Շնորհավորելով Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ Հայաստանի համար կարևոր և պատմական հնարավորություն է ստեղծվել առաջ մղելու ԵԽ քաղաքական օրակարգը և հավաստիացրեց, որ իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի նախագահության ընթացքում նախաձեռնությունների իրականացմանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ պարոն Մինյոնը նշեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում և մադրիդյան սկզբունքների հիման վրա», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Tekali Taxi