Home / Հայաստան / Կուրսանտները թունավորվել են մսից, պատմել է մայրը

Կուրսանտները թունավորվել են մսից, պատմել է մայրը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թունավորման պատճառը միսն է եղել, թունավորվել են 4-րդ կուրսում սովորողները: Այս մասին այսօր Epress.am-ին ասել է կուրասանտներից մեկի մայրը, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

«Դեպքը գրանցվել է 10 օր առաջ, երեխու հետ հեռախոսով եմ խոսել, ասաց, որ թունավորումներ եղել են, բայց թե ինչքանն են պառկել, ինչքանն են եղել՝ չգիտեմ: Բայց ասացին, որ թունավորման պատճառը հաստատ միսն է եղել», – նշել է մայրը: Նա մտավախություն է հայտնել, որ տեղեկատվության հրապարակումից հետո կարող են խնդիրներ լինել, մանավանդ, որ ՊՆ-ն հերքել է թունավորման մասին լուրը:

«Բնականաբար, էտ վայեննի գործ է, եթե ՊՆ-ն հերքել է, ուրեմն անպայման մի վնաս կգա, անիմաստ տեղը չթարսվեն տղաների հետ», – ասել է մայրը:

Հիշեցնենք, որ 10 կուրսանտների հիվանդանոց տեղափոխելու մասին երեկ գրել էր nrnak.com կայքը՝ վարկած ներկայացնելով, որ թունավորումը կարող է գոմեշի մսից լինել: Երեկ ilur.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունը:

Այսօր Epress.am-ը կրկին մեկնաբանություն է խնդրել Արծրուն Հովհաննիսյանից, ով հիշեցրել է, որ արդեն հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունը:

Մամուլի խոսնակը նշել է, որ հայկական բանակում շատ զինվորներ կարող են տարբեր առողջական խնդիրներ ունենալ և դիմել հիվանդանոցներ: Ըստ Հովհաննիսյանի՝ ՊՆ-ն դրանք չի մեկնաբանում, քանի դեռ այդ դեպքերը զանգվածային բնույթ չեն կրում:

Epress.am-ը դեպքի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանից, սակայն նրա օգնականը, ով չի ներկայացել, նշել է, որ միայն Ասոյանն է իրավասու խոսել լրագրողների հետ, սակայն տեղում չէ:

Ավելի ուշ, հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, լրագրողներին ասել է, որ դա «երեք օրվա պատմություն է, արդեն դուրս են գրվել»:

«Դե, զինվոր են, հիվանդացել են, սովորական ինֆեկցիա, աղիքային վարակ է», – ասել է կինը:

Նա չի հայտնել թունավորման պատճառների մասին, չի նշել նաև կուրսանտների թիվը՝ խորհուրդ տալով այդ հարցերով դիմել Ասոյանին:

Ասոյանից պարզաբանումներ ստանալու համար Epress.am-ի թղթակիցը այսօրվա ընթացքում պարբերաբար զանգահարել է այն համարով, որը թողել էր Ասոյանի օգնականը, սակայն մինչ այս պահը զանգերին ոչ ոք չի պատասխանում:

Նշենք, որ Արա Ասոյանը երեկ երեկոյան «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում կուրսանտների թունավորման առնչությամբ ասել է. «Լավ էլի, որոշ ինֆորմացիա կա, որ կարելի ա փակ պահել, կներես, էլի, չի կարելի, դա բոլոր դեպքերում բանակ ա, զինվորական համակարգ ա»: Թերթը նաև տեղեկացել է, որ առաջիկա երեք օրվա ընթացքում վերջնականապես հայտնի կլինեն թունավորման պատճառը և այն, թե ով է մեղավոր դրանում:

Խնդրի շուրջ մեր թղթակիցը զրուցել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի հետ, վերջինս էլ առաջարկել է այդ հարցով դիմել ՊՆ մամլո խոսնակին:

Tekali Taxi