Home / Հայաստան / Նոյեմբերյանում վիրավորված զինվորի ձախ կողմը պարալիզացված է

Նոյեմբերյանում վիրավորված զինվորի ձախ կողմը պարալիզացված է

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում գլխի մասում հրազենային վնասվածք ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանի վիճակը դեպի լավն է գնում: ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը News.am-ին հայտնել է, որ նա դեռ միացված է արհեստական շնչառության ապարատին, բայց դրական տեղաշարժեր կան:

Բժիշկը նշեց, որ զինծառայողը կոմայի մեջ չէ, արթնացել է, չի կարողանում խոսել, բայց շարժումներով հարցերին պատասխանում է: Առայժմ վիրահատություն պլանավորված չէ, հայտնի չէ նաև, թե երբ նա կտեղափոխվի այլ բաժանմունք: Արամ Ասատրյանի խոսքով` նախնական տեղեկություններով` միջադեպը երիտասարդի հետագա կյանքի վրա, հնարավոր է, հետք թողնի, քանի որ նրա ձախ կողմը պարալիզացված վիճակում է, թեև ընթացքը ցույց կտա ամեն ինչ:

Նշենք, որ համաձայն պաշտոնական վարկածի, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, իսկ մյուս զինծառայողը` 19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել է:

Դավիթ Խաչատրյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:

Լյուքս Ստեփանյանի թաղմանը օրը ծնողները որոշել էին դագաղը Երևան բերել և բողոքի ակցիա անցկացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Սևանի մայրուղու վրա նրանց հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բանակցություններից հետո ծնողների հետ գնացել է գյուղ ու մասնակցել հուղարկավարության արարողությանը: Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել են նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը:

Tekali Taxi