Home / Հայաստան / Հայրիկյանը վիրավորվելուց հետո «ռուս էր» չի՞ բղավել. դուստրը դատարանում այլ բան է ասել

Հայրիկյանը վիրավորվելուց հետո «ռուս էր» չի՞ բղավել. դուստրը դատարանում այլ բան է ասել

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվել են գործով վկաները:

Նիստը սկսելուց առաջ Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դատարանին է ներկայացրել բժշկական եզրակացություն այն մասին, որ ԱԻՄ առաջնորդը շարունակում է բուժում ստանալ:

Դատավոր Գագիկ Պողոսյանը, սակայն, ասել է, որ քանի որ Հայրիկյանն արդեն Հայաստանում է, նա պետք է ներկայանա դատականի նիստերին, գոնե վկաների հարցաքննության փուլն ավարտելուց հետո:

Առաջինը դատարանում ցուցմունք է տվել Հայրիկյանի կինը՝ Սուսաննա Ավագյանը: Նա պատմել է, որ դեպքի պահին ինքն ու աղջիկը հեռուսատցույց էին դիտում, երբ ձայներ են լսել դրսից:

«Ես պատուհանին մոտ չեմ եկել, ես դուրս եկա շքամուտք, տեսա Պարույրին՝ ընկած աստիճանների վրա: Ինձ թված ինֆարկտ է, հետո տեսա շիթի պես արյուն է գալիս: Ամեն ինչ մշուշոտ եմ հիշում հիմա», – դատարանին պատմել է Ավագյանը:

Այն հարցին, թե ինչ է Հայրիկյանը պատմել իրեն՝ կինը պատասխանել է, թե ամուսնուն թվացել է, որ իրեն մոտեցողը ցանկացել է բարևել, հետո Հայիկյանը նկատել է, որ նրա ձեռքին ինչ-որ բան կա:

Ցուցմունք է տվել նաև Հայրիկյանի աղջիկը՝ Նարե Հայրիկյանը: Նա ասել է, որ, ձայներ ու պայթյուն լսելով, անջատել է հեռուստացույցը և մոտեցել է պատուհանին: Բակում նկատել է, թե ինչպես է Հայիկյանի պորտֆելն ընկնում գետնին:

Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը հիշեցրել է, որ, ըստ նախաքննական նյութերի, պորտֆելը Հայրիկյանի ձեռքից ընկել է առաջին կրակոցից հետո: Նա հարցրել է վկային՝ որքան ժամանակ կարող էր պորտֆելը «կախված» մնալ օդում, եթե վկան հասցրել է անջատել հեռուսատցույցը մոտենալ պատուհանին և տեսնել պորտֆելը դեռ օդի մեջ: Դատարանը հարցը հանել է՝ բավարարելով տուժողի պաշտպանի ու դատախազի առարկությունը:

Նարեն պատմել է նաև, որ իրենց հարևանը դեպքի օրը՝ ավելի վաղ, Հայրկյանին հետևել է սև գլխարկով և սև շորերով մի մարդ:

Մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հարցրել է վկային, թե ինչ է ասել Հայրիկյանը, երբ աղջիկը մոտեցել է հորը:

Նարեն դատարանում ասել է, որ հայրը խոսել չէր կարողանում, միայն բղավում էր, իսկ Սիրունյանը հիշեցրել է, որ աղջիկը նախաքննական ցուցմունքում նշել է, թե Հայրիկյանն ասել է՝ «ռուս էր, ռուս էր»:

Tekali Taxi