Գլխավոր / Հայաստան / «Երակն է վնասված եղել ու արյունահոսել է». մայրը չգիտի՝ ինչու են կրակել որդու վրա

«Երակն է վնասված եղել ու արյունահոսել է». մայրը չգիտի՝ ինչու են կրակել որդու վրա

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նախօրեին միջադեպի հետևանքով սպանված Սիփան Մովսիսյանի հարազատներին:

Ասամբլեայի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը Aravot.am-ին պատմել է, որ մահացածի մորից միայն կարողացել են պարզել, որ. Սիփանը վիրավոր ժամանակ մոտեցել է կապիտանին ու օգնություն խնդրել:

«Կապիտանը անմիջապես կանչել է շտապօգնություն, և ներարկում են արել երեխային: Գիտակցությունը տեղն է եղել, տեղափոխել են վիրահատության: Ծնողները չեն իմացել, թե որ մասից է կոնկրետ վնասվածք ստացել. երակն է վնասված եղել ու արյունահոսել է: Ճնշման անկում է նկատվել ու արյունաքամ է եղել», — պատմել է Սադիկյանը:

Դեպքի մասին Սիփանի հարազատներն իմացել են հեռախոսազանգով, հենց ռազմական ինստիտուտից են տեղեկացրել: Դիակը Վանաձոր են տեղափոխել երեկ երեկոյան: Վիճաբանության ու կրակոցի պատճառի մասին սպանվածի ընտանիքը տեղեկություն չունի:

Արմինե Սադիկյանի խոսքով՝ երիտասարդն ապրում էր մոր, տատիկի ու երկու եղբայրների հետ. «Ապրում են Վանաձորի ծայրամասային թաղամասում գտնվող տնակում: Եղբայրը ծառայում էր ԼՂ զորամասում և նոյեմբերին պետք է զորացրվեր: Սոցիալապես շատ ծանր վիճակում են: Տնակը խարխուլ է ու ապրելու համար նորմալ պայմաններ չկան»: