Home / Հայաստան / Հայաստանի տնտեսությունը պետք է վերափոխվի ոլորտ առ ոլորտ, վստահ է Սերժ Սարգսյանը

Հայաստանի տնտեսությունը պետք է վերափոխվի ոլորտ առ ոլորտ, վստահ է Սերժ Սարգսյանը

Ոչ ոք չի վիճարկում, որ այսօր Հայաստանում շատ են դժվարությունները շատ են, բայց ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: Այս մասին այսօր ասել է Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

«2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակի պայմաններում:

Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը և տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր:

Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին: Նախաճգնաժամային թողարկման և եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխող շինարարության ճյուղի՝ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում: Այսինքն` այս ընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը և զարգացումը փոխհատուցել և գերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության և ծառայությունների նոր ոլորտներ և տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավել առողջ կառուցվածքի: Եվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաև պետության եկամուտները: Այս փաստերն անհերքելի են և արձանագրվում են ոչ միայն մեր կողմից: Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք կամ անգամ գոհ: Իհարկե, ոչ:

Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչև, ասենք, արևային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ: Այսպիսի նախագծեր պիտի կարողանանք խրախուսել, ինչին և մենք ձեռնամուխ ենք եղել», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Tekali Taxi