Home / Հայաստան / «Վարչապետով, պրեզիդենտով ուտում եք մեր արյունը». զայրացած ազատամարտիկները բողոքում են (ՎԻԴԵՈ)

«Վարչապետով, պրեզիդենտով ուտում եք մեր արյունը». զայրացած ազատամարտիկները բողոքում են (ՎԻԴԵՈ)

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ անցկացվող ազատամարտիկների բողոքի ակցիայի ժամանակ Քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը խնդրել է բողոքողներին ևս մեկ օր սպասել, ինչը առաջացրել է մի քանի ազատամարտիկների զայրույթը: Նրանց չի գոհացրել այն խոստումը, որ վաղը կառավարությունում իրենց պատրաստ են ընդունել և քննարկումներ անցկացնել:

«25 տարի համբերել ենք, էլ չենք կարա, չկա, դու համբերում ես, կարաս տուն գնաս, մենք չենք համբերում», – ազատամարտիկ կանացից մեկը զայրացած ասել է մեկ այլ ազատամարտիկի, ով հորդորել է մեկ օր էլ սպասել:

Վերջինս հարցրել է Ղազարյանին, թե ինչո՞ւ է վարչապետի կամ նախագահի փոխարեն ինքը հանդիպում բողոքող ազատամարտիկներին:

«Ժողովուրդը եկել ա, խնդրում ա, ուզում ա վարչապետին տեսնի, խոսի, տղամարդավարի թող գա, ինչի՞ ա վախենում, ինչքա՞ն կարելի ա», – հարցրել է  ազատատամարտիկներից մեկը, ինչին ի պատասխան Ղազարյանն ասել է՝ «դրա համար էլ հրավիրում ա իր մոտ»:

Ազատամարտիկները բողոքել են, որ ի վիճակի չեն անընդհատ գնալ ու գալ՝ բոլորը հաշմանդամ են ու կարիքավոր:

«Արդեն սովամահ ենք լինում, ռուսի զավտրա, պոսլեզավտրան ա, դրանով հարց չի լուծում, այ ախպեր», – հակադարձել բողոքողներից մեկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից, ում ոտքը ծնկից անդամահատված էր, բորբոքված հարցրել է՝ ինչպե՞ս է մուծելու կոմունալ ծախսերը, ամեն ինչ թանկանում է:

«Եթե դու կարում ես հոսանքը, գազը, ջուրը թանկացնես, ինչի՞ թոշակը չես կարում բարձրացնեք, քո վարչապետով, պրեզիդենտով համատեղ ուտում եք էս ժողովրդի արյունը, ծծում եք, ծծում», – բորբոքված կրկնել  է հաշմանդամ ազատամարտիկը, այնուհետ, հենակը մեկնելով Ղազարյանին, բղավել՝ «էս էլ տա՞մ քեզ, ասա, տա՞մ, տար, կեր»:

Ղազարյանի՝ վաղվա հանդիպման մասին խոստումից զայրացած ատամարտիկները կոչ են արել իրենց մարտական ընկերներին առանց որևէ մեկնաբանության  վերադառնալ Ազատության հրապարակ ու ծրագրել հետագա անելիքները:

Ազատության հրապարակում նրանք որոշում են կայացրել վաղը 5 հոգանոց պատվիրակություն ուղարկել ՀՀ կառավարություն: Հիշեցնենք, որ ազատամարտիկները, մասնավորապես, պահանջում են բարձրացնել իրենց թոշակները, ապահովել անվճար բուժօգնություն:

Tekali Taxi