Home / Հայաստան / Սուրեն Խաչատրյանը չկար, նրա կինը խանգարում էր կրակողներին. Սյունիքի մարզպետարանի վարկածը

Սուրեն Խաչատրյանը չկար, նրա կինը խանգարում էր կրակողներին. Սյունիքի մարզպետարանի վարկածը

Հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը տուն է վերադարձել ժամը 22:16-ին, և տան մոտ ծավալված հետագա իրադարձությունների ժամանակ տեսախցիկների առջև չի երևացել: Այս մասին ասված է Սյունիքի մարզպետարանի երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, վիրավորվել է նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը և Սուրեն Խաչատրյանի մտերիմներից՝ Նիկոլայ Աբրահամյանը:

Մարզպետարանի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որից հետո համառոտ ներկայացրել են դրա բովանդակությունը.

«Հունիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում մարզպետի երկու որդին առանձին-առանձին, իրենց մեքենաներով տուն են գալիս։

Ժամը 22.16-ին մարզպետն է տուն վերադառնում, որից հետո ամբողջ ընթացքում այլևս չի երևում տեսապատկերներում։

Ժամը 22.36-ին տան բակին իր մեքենայով մոտենում է Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ այդժամ կանգնածները (մարզպետի երկու որդին, վարորդը, Նիկոլայ Աբրահամյանն ու Զարզանդ Նիկողոսյանը) մոտենում են Ավետիք Բուդաղյանին։ Տեսագրությունը ձայնագրություն չի պարունակում, ուստիև չի իմացվում, թե ինչ են խոսում։ Զրույցը տևում է երկու-երեք րոպե։ Նրանց շարժումներից մինչդեռ երևում է, որ խոսակցությունը տեղի է ունենում լարված մթնոլորտում։ Հավաքվածներին է մոտենում մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը։ Քիչ հետո Ավետիք Բուդաղյանը հեռանում է մեքենայով։

Ժամը 11.06-ին տան բակին կրկին մոտենում է (նախորդից ավելի արագ ընթացքով) Ավետիք Բուդաղյանը։ Այնտեղ գտնվող հինգ տղաները, որոնց անունները նշեցինք վերևում, մոտենում են նրան։ Այնուհետև մոտենում է մարզպետի կինը։ Նորից խոսակցություն Ավետիք Բուդաղյանի և հավաքվածների միջև։ Մեկ-երկու րոպեից մարզպետի տանն է մոտենում (Բակունցի հրապարակի կողմից) մեկ այլ մեքենա։ Ավետիքն իր մեքենայով փակում է եկող մեքենայի ճանապարհը։ Մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) և անմիջապես կրակ բացում։ Հավաքվածները դեսուդեն են փախչում։ Լորետա Բարսեղյանը մոտենում է Արտակ Բուդաղյանին և բռնում զենքից՝ փորձում խլել այն կամ խանգարել կրակելուն։ Եվ երեք կրակոցի ուղղություն, կարծեք, հաջողվում է փոխել։ Լորետա Բարսեղյանը և Արտակ Բուդաղյանը շարունակում են իրար քաշքշել, բայց գնդապետին հաջողվում է առաջ շարժվել։ Նրան է մոտենում Ավետիքը և փորձում կանգնեցնել եղբորը։ Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա։ Քիչ անց վեր է կենում Ավետիքը. քայլվածքից երևում է, որ նա արդեն վիրավոր է։ Հետևից նրան է մոտենում և թիկունքից բռնում Նիկոլայ Աբրահամյանն ու Ավետիքի զենքը խլում։

Վերջինս մի նոր զենքով է կրակում Նիկոլայի վրա, ով վայր է ընկնում և մնում տեղում: Ավետիքը փորձում է առաջ շարժվել դեպի բակի կողմը, բայց դիմացից կրակում են (կրակողները չեն երևում տեսապատկերում): Հետ է քաշվում, մեկ անգամ ևս կրակում դարպասի ուղղությամբ ու ընկնում գետնին։

Մինչ այդ պահը գնդապետը շարունակում էր մնալ ավազաթմբի վրա ընկած։

Տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է։ Մոտենում է գետնին ընկած Ավետիքին և ձեռքի շարժումներ անում (ենթադրվում է, որ օգնություն է կանչում):

Տնից մարդիկ (այդ թվում և կին) են մոտենում… Ավետիքն ընկած էր մեքենայի մյուս կողմում, ուստիև չի երևում, թե ինչպես են առաջին օգնություն ցույց տալիս նրան:

Կրկին տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է. մոտենում է ավազաթմբին ընկած գնդապետին, նախ՝ ոտքով խփում-հրում է կողքին ընկած զենքը, այնուհետև ձեռքը մեկնում Արտակին՝ վեր բարձրացնելու փորձ անում, բայց վայր է ընկնում ավազաթմբի վրա, բարձրանում ու նորից քայլում դեպի Ավետիք։

Այնուհետև մի տեսարան է, երբ մարդիկ փորձում են երկու վիրավորին՝ Ավետիքին և Նիկոլային դնել մեքենայում՝ ըստ էության հիվանդանոց տանելու համար։ Դեռ չէին հասցրել վիրավորներին դնել մեքենայում, երբ գնդապետն ավազաթմբից վեր է բարձրանում՝ վիրավոր վիճակում, ինչը երևում է նրա քայլվածքից, քայլում դեպի եղբայրը և այնտեղ էլ վայր ընկնում։ Հավաքվածները շարունակում են արդեն ակնհայտ երևացող երեք վիրավորին մեքենաներում դնելու ջանքերը։

Վիրավորներին ուղարկելուց հետո Լորետա Բարսեղյանը մոտենում է գետնին ընկած զենքերին, որ տարբեր տեղերում էին։

Ժամը 23.30-ին վիրավորները տեղափոխված էին…

Ահա իրադարձության ամբողջ ընթացքը, որ տեսագրված է, իսկ տեսագրության հավաստիության վերաբերյալ դեռևս պատկան մարմինները տարակույս չեն հայտնել (համենայնդեպս տեղեկություններ չունենք պաշտոնական հերքումների մասին)»:

Tekali Taxi