Home / Հայաստան / Երբ Հայաստանը պարտվում է Մալթային

Երբ Հայաստանը պարտվում է Մալթային

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 7-ին սեփական հարկի տակ Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում պարտություն կրեց Մալթայի ընտրանուց 0:1 հաշվով: Նման կարգի թիմերին հայաստացիները սեփական դաշտում երբեք չէին պարտվել:

Եթե խաղը չդիտած մեկն ուղղակի վերցնի հանդիպման վիճակագրությունը, կստեղծվի տպավորություն, որ հայաստանցիներն ահռելի խաղային առավելություն են ունեցել, բազմաթիվ պահեր են ստեղծել, և պարտվել են պատահականորեն:

Մասնավորապես, Մալթային հավաքականը մեր թիմի դարպասին մեկ հարված է կատարել, հայաստանցիները մրցակցի դարպասին՝ 6, հյուրերը 1 անգամ շեղ են հարվածել, դաշտի տերերը՝ 11, Մալթան 2 անկյունային է իրացրել, Հայաստանը՝ 13:

Սակայն սա այն դեպքն է, երբ վիճակագրությունը չի արտացոլում այն, ինչ կատարվում է Հանրապետական ստադիոնում:

Հաշվի առնելով մրցակցի կարգը՝ հայաստանցիները պետք է առանց խնդիրների ջախջախեին Մալթային, սակայն խաղի ընթացքում կատարած 17 հարվածներից ընդամենը 2-3-ն էին վտանգավոր, իսկ հյուրերը, բացի խփած գնդակից, մեկ շատ լավ պահ էլ չօգտագործեցին:

«Ի՞նչ եղավ»  հարցը, իհարկե, ամենահաճախն էին հնչեցնում ստադիոնից դուրս եկող երկրպագուները: Այս հարցին պատասխանելիս՝ քիչ է միայն վերլուծել այն, ինչ կատարվեց խաղադաշտում:

Հարցի պատասխանն ընկած է դաշտից դուրս՝ այն տանում է դեպի հանդերձարան: Թիմում ակնհայտորեն ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, որոնք տեսանելի չեն երկրպագուի համար, սակայն իրենց արտացոլումն են գտնում դաշտում:

Հայաստանի հավաքականի աստղերը, որոնք փայլում են իրենց ակումբներում, երեկ չկարողացան կամ չցանկացան պատասխանատվությունը վերցնել՝ դաշտում որևէ բան փոխելու համար: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ չկարողացավ ստիպել ֆուտբոլիստներին այլ կերպ գործել, թեև մարզիչն անընդհատ փորձում էր փոխել խաղացողների դիրքերն ու մարտավարությունը:

Եթե Չեխիայի հետ խաղից հետո որոշակի հույսեր կային, որ Մինասյանը կարող է վերացնել թիմում առկա խնդիրներն ու վերակագնել մթնոլորտը, ապա Մալթայի խաղը ցույց տվեց, որ մարզիչն իրավացի էր ու անկեղծ, երբ մարտին հրաժարականի դիմում գրեց, որը չընդունեց Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այժմ Մինասյանը նշում է, որ այլևս հրաժարական չի տալու և առաջարկում է իրեն պաշտոնանկ անել:

Եթե Դանիայի հավաքականի հետ խաղից հետո Մինասյանի պաշտոնականությունը, այնուամենայնիվ, կայանա, թիմի ներսում առկա խնդիրներն ու հոգեբական մթնոլորտը կարող է փոխել միայն արտասահմանցի մասնագետը, ով չի առնչվել հայաստանյան ֆուտբոլում առկա իրականության հետ և ով թիմը կվերադասավորի համաձայն խաղի մասին սեփական պատկերացումների՝ հաշվի չառնելով, թե որ ֆուտբոլիստն ինչ կարգավիճակ ունի ազգային հավաքականում:

Մալթայի հավաքականի հետ խաղում կրած պարտությունը կարող է դրական նշանակություն ունենալ, եթե դրանից դասեր քաղի նաև Ֆեդերացիայի, հավաքական թիմի ղեկավարությունը, որը նույնպես պատասխանատու է ստեղծված մթնոլորտի համար: Մինչև հաջորդ ընտրական փուլի մեկնարկը դեռ ժամանակ ու բավականաչափ պաշտոնական հանդիպումներ կան, որոնք կարող են ծառայել դրական փոփոխությունների իրականացմանը, հավաքականը արտաքին և ներքին միջամտությունից զերծ պահելու մեխանիզմների ստեղծմանը: Եթե մարզիչը փոխվելու է, ապա պետք է վստահ լինել, որ նոր մասնագետն ունակ է լինելու թիմում աշխատանքային մթնոլորտ ստեղծել և ապահովել իրավիճակի տնօրինումը:

Ա.Մ.

Լուսանկարը՝ armfootball.com, Մարինե Մկրտչյան

Tekali Taxi