Home / Հայաստան / ԵՄ պաշտոնյան քննադատում է Թուրքիայի իշխանությունների քայլերը

ԵՄ պաշտոնյան քննադատում է Թուրքիայի իշխանությունների քայլերը

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատել է Թուրքիայի ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների հանդեպ՝ նշելով, որ «արագ և թափանցիկ» հետաքննության կարիք կա:

Ֆյուլեն ասել է, որ ժողովրդավարական հասարակություններում մարդիկ խաղաղ ցույցեր կազմակերպելու իրավունք ունեն:

«Ժողովրդավորության մեջ ոստիկանական դաժանության համար տեղ չկա»,- ասել է Ֆյուլեն Ստամբուլում կայացած ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցերին վերաբերող համաժողովի ժամանակ:

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը ընդունել է, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների հանդեպ: Ամեն դեպքում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ չի կարող ընդառաջել ցուցարարների պահանջներին Թուրքիայի՝ իրեն ընտրած ընտրազանգվածի կեսի առջև իր պատասխանատվության պատճառով, և պահանջել է անմիջապես վերջ դնել ցույցերին:

Ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ Էրդողանը մեկ շաբաթ տևած ցույցերն անվանել է հակաժողովրդական:

«Եթե մենք անտարբեր մնայինք այս հարցի վերաբերյալ, իշխող կուսակցության օգտին քվեարկած 50 տոկոսը վաղը ինձ կհարցներ՝ ինչու»,- ասել է Էրդողանը:

Ֆյուլեն, այնուամենայնիվ, նշել է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Եվրոպական Միությունը պարտավոր են խուսափել ժողովրդավարական հիմնարար արժեքները թուլացնող յուրաքանչյուր քայլից:

«Մեր ընդհանուր ապագայից խոսելուց առաջ՝ մենք պետք է խոսենք ներկայից»,- իր խոսքում նշել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ «մեր բոլորի պարտականությունն է»  խոսքի ազատության և մամուլի ոլորտներում ձգտել հնարավորինս բարձր չափանիշների:

Ֆյուլեն ասել է, որ ժողովրդավարությունը պահանջում է փոխզիջում և բանավեճ՝ ընդգծելով քաղաքացիների իրավունքները հարգելու կարևորությունը:

Tekali Taxi