Home / Հայաստան / «16 կիլոմետր հեռու արդեն Թուրքիա է». ում է ձեռնտու խաղային ապարատների վերացումը

«16 կիլոմետր հեռու արդեն Թուրքիա է». ում է ձեռնտու խաղային ապարատների վերացումը

Խաղային կռունկ ապարատների տերերը, որոնք մայիսի 23-ից ստիպված դադարեցրել են աշխատանքը, այսօր հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ բողոքելու ՊԵԿ-ի որոշման դեմ: Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն որոշում էր կայացրել, որ խաղային ապարատները պետք է հարկվեն «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի՝ 5 միլիոն դրամ տարեկան:

Օրենքը սկսել է հավասարապես կիրառվել թե խաղատների, թե շահումով խաղերի դեպքում, եթե տվյալ շահումը ոչ թե, օրինակ, խաղալիք է, այլ ծխախոտ: Այժմ ապարատների տերերը պնդում են, որ իրենք նման մեծ հարկեր չեն կարողանա վճարել:

«Ասում են՝ 2008 թվականին ընդունվել է օրենք, որը թույլ չի տալիս ատրակցիոնների տեղադրումը, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մեզ թույլատրել գրանցել ապարատները, արտոնագիր ստանալ, մարդիկ քան՝ մի քանի ամիս, ես՝ մինչև սեպտեմբեր, արտոնագիր ունեմ»,- Epress.am-ին ասել է ակցիայի մասնակից Համբարձում Ավետիսյանը, ով բողոքի ակցիային մասնակցելու է եկել Գյումրիից:

Ծխախոտներով աշխատող խաղային ապարատներն այժմ թույլ է տրվում շահագործել բնակավայրերից 16 կիլոմետր հեռու, ինչը, բողոքի ակցիայի մասնակցիների համոզմամբ, անիմաստ է, քանի որ իրենք ոչ միայն շահույթ չեն ունենա, այլև կտուժեն:

Այժմ ապարատների տերերը պահանջում են, որպեսզի գոնե ժամանակավորապես խաղաղային ապարատների շահագործումը թույլատրվի քաղաքներում, մինչև իրենց արտոնագրերի վերջնաժամկետը, քանի որ ապարատները շահագործելու համար ամսական 4000 դրամ են վճարել:

«Մեկը կնոջ ոսկեղենն է գրավ դրել, մեկը՝ հարևանի, մեկը վարկ է վերցրել: Չեն հետաձգում: 5 միլիոն արտոնագրի համար են պահանջում, էն էլ 16 կիլոմետր հեռու (համաձայն օրենքի, խաղատները և ապարատները Երևանից դուրս պետք է լինեն – խմբ.): 16 կիլոմետր հեռու արդեն Թուրքիա է», – ասել է Ավետիսյանը:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են պարզել՝ ինչու խաղատների մասին օրենքն իրենց վրա տարածելու մասին որոշումն ընդունվեց մեկ օրում:

Բողոքողները պատմել են նաև, որ իրենք տեղեկություրններ ունեն, թե այդ բիզնեսն ինչ-որ մեկը որոշել է իր ձեռքը վերցնել, 3000 ապարատներ է բերել, և այժմ իրենց ցանկանում են ասպարեզից հանել:

Ակցիայի մասնակիցները նախագահի աշխատակազմի ներկայացուցչին են հանձնել իրենց բողոքը-նամակը, որին նախագահականում խոստացել են պատասխանել 10 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ապարատների տերերը անցյալ շաբաթվա ընթացքում ակցիաներ են կազմակերպել նաև Ֆինանսների նախարարության և Կառավարության շենքի մոտ, սակայն որևէ պատասխան չեն ստացել:

Tekali Taxi