«Փակ շուկայի» նոր հենասյուները ապամոնտաժվել են. ճարտարապետները այլ պահանջներ էլ ունեն
Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է «Փակ շուկայի» տարածածավալական չափերի խախտումով տեղադրված բետոնե հենասյուները՝ շուկայի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին և խնդրել սեփական ուժերով խախտումը վերացնել:
Գևորգյանի խոսքով՝ կատարված ներքին փոփոխությունները ապամոնտաժման չեն ենթարկվելու:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ «Փակ շուկայի» պահպանությամբ զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքապետարանի արածով չի կարող բավարարվել, քանի որ վերջինս միայն արտաքին տեսքն է փրկել, մինչդեռ ներսում՝ կամարների փոխարեն ավելացված հարկերը շարունակում են մնալ:
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 6-ին Մշակույթի նախարարությունը պահանջել էր քաղաքապետարանից իրականացնել շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: