2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Հրաժական պահանջելը սովորություն է». Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը չի լքի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Իսկ ո՞վ է ինձնից հրաժարական պահանջել, որ ես հրաժարական տամ: Էս երկրում սովորություն է դարձել հրաժական պահանջելը: Եթե երկրպագուները չուզենան՝ ես լինեմ, միանշանակ կտամ հրաժարական:  Բայց եթե մի քանի մարդ անձնական մղումներով  պահանջում է նման բան, դրան անդրադառնալ չեմ ուզում: Ես կխնդրեի այդ մարդկանց վիրտուալ կյանքից դուրս գան, խնդիր չկա, նստենք խոսենք, թող չվախենան, համարձակություն ունենան, ես ոչ մի վատ բան չեմ անում»,- ասել է Հայրապետյանը: Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՖՖ նախագահն ասել էր, որ հրաժարականի ցանկություն ունի:

Անդրադառնալով Դանիայի հավաքականի հետ խաղին (Հայաստանը հաղթեց 4:0 հաշվով)՝ Հայրապետյանն ասել էր, որ ֆուտբոլիստների արածը հերոսություն չէ:

«Հերոսություն չի, եթե հերոսություն ա, մեր շախմատիստներին ի՞նչ պետք է ասենք»,- ասել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ իր հասցեին ստեր են գրում, օրինակ, թե իբր ինքը Մալթայի հետ խաղը վաճառել է:

«Պատրաստ եմ ամեն ինչ գնելու, այդ թվում՝ նման բաներ ասողներին»,- ասել է Հայրապետյանը:

Ըստ նրա՝ անարդար է, երբ հավաքականի անհաջողությունների մեջ մարդիկ չեն վարանում մեղադրել իրեն, սակայն վրդովվում են, երբ նա միջամտում է հավաքականի այս կամ այն հարցին: 

Նա անդրադարձել է 2008-2009 թվականներին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի Յան Պոուլսենի այն հայտարարությանը, թե Հայրապետյանն իրեն հեռացրել է, քանի որ ցանկացել է միջամտել հավաքականի կազմի ընտրությանը:

ՀՖՖ նախագահի խոսքով՝ Յան Պոուլսենը մեծ ստախոս է: Հայրապետյանը պատմել է, որ ինքը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ մարզիչը խաղադաշտ է դուրս բերել վնասվածք ունեցող ֆուտբոլիստի, ինչին Պոուլսենը պատասխանել է, որ  ֆուտբոլիստն իրեն ասել է, թե ի վիճակի է խաղալ:

«Ես էլ ասեցի՝ եթե դուք հավաքականի կազմը որոշում եք ֆուտբոլիստի ցանկությունների համաձայն, ապա դուք հեռացված եք», - ասել է Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը նաև կարծիք է հայտնել, թե հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բարձրակարգ մասնագետ է, և մի խնդիր ունի՝ լրագորղների հետ շփվելը.

«Նա սխալվել է լրագրողներին թերագնահատելով, և պատասխանները ստացվել են ոչ կոռեկտ» , - ասել է Հայրապետյանը՝ նկատի ունենալով Չեխիայի խաղից հետո Մինասյանի մամուլի ասուլիսը, երբ վերջինս պատասխանելով Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի գավաթում հայտնվելու շանսերի մասին հայտարարել էր. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնալու: Դուք ինձանից նման բան լսե՞լ եք»: