Home / Հայաստան / Ադրբեջանական ընդդիմության առաջնորդը պատմել է՝ ինչպես է վիճել Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանական ընդդիմության առաջնորդը պատմել է՝ ինչպես է վիճել Իլհամ Ալիևի հետ

Եթե հնարավոր լինի գտնել մեկ այլ թեկնածու, որին կաջակցեն նույն ոգևորությամբ, ինչ ինձ, ապա ես իհարկե կպնդեմ, որ չլինեմ միասնական թեկնածուն: Այս մասին BBC-ի ռուսաստանյան ծառայության հետ զրույցում ասել է ադրբեջանցի գրող և ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովը, ով վերջերս ընտրվել է Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ: Սակայն միավորված ընդդիմադիրները դեռևս չեն որոշել, թե այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրություններին միասնական թեկնածուն ով է լինելու:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու են փչացել հարաբերությունները Իլհամ Ալիևի հետ՝ Իբրագիմբեկովը պատմել է, որ 2003 թվականին, երբ ընտրվել է Ալիև-կրտսերը, ինքը նրա կողմնակիցներից էր:

«Մինչև 2007 թվականը ես Ալիևի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել: 2007-ին ես նրա հետ հանդիպեցի և բարձրացրեցի կինոյի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցը: Այն ժամանակ նա իմ փաստարկների հետ համաձայնեց: Ես անգամ դա հեղաշրջում անվանեցի: Բայց փաստորեն, իշխանությունն անցավ հինգ-վեց տխրահռչակ անազնիվ  խաբեբաների ձեռքը, ովքեր ահավոր կերպով են կառավարում երկիրը:

Բոլորը սա կապում են, իհարկե, հենց Ալիևի հետ, բայց հստակ հետևել ընթացքին հեշտ չէ: Հազարավոր մարդկանց դուրս են շպրտում բնակարաններից, խլում են նրանց տները. սա սկսվել էր դեռևս ավագ Ալիևի օրոք՝ 1993 թվականից: Ըստ էության՝ ժողովուրդը զրկված է իշխանություն ձևավորելու իր սահմանադրական իրավունքից», – ասել է ռեժիսորը:

Հարցին, թե չի վախենում արդյոք ձերբակալվել Ադրբեջան վերադառնալուց հետո, ռեժիսորը պատասխանել է. «Ես վախենում եմ և՛ ձերբակալությունից, և՛ սպանությունից, ես սովորական մարդ եմ: Գիտեք, որ այժմ ձերբակալված է Իլգար Մամեդովը: Փայլուն երտասարդ, ReAl երիտասարդական շարժման առաջնորդներից մեկն անտեղի գտնվում է բանտում, միայն այն պատճառով, որ քննադատաբար է արտահայտվել և հայտարարել է, որ իր թեկնածությունն է առաջադրելունախագահական ընտրություններին: Այսինքն, ալիևյան ռեժիմը փորձում է վնասազերծել յուրաքանչյուր պոտենցիալ վտանգավոր մարդու, քանի որ այդ բոլոր վտանգները անկասկած գոյություն ունեն»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ազգային խորհուրդը չի հանդիսանում Մոսկվայի ծրագիրը՝ ընդդիմադիրը նշել է, որ «Մոսկվայի ծրագիրը Իլհամ Ալիևի կառավարությունն է»: 

Tekali Taxi