Home / Հայաստան / Բողոքի ակցիան չօգնեց. գյուղացիները ստիպված էին համաձայնել մթերողների պայմաններին

Բողոքի ակցիան չօգնեց. գյուղացիները ստիպված էին համաձայնել մթերողների պայմաններին

Այսօր Արարատի մարզի Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքների բնակիչներն առավոտից բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով գյուղերից Երևան տանող ճանապարհը: Գյուղացիները Epress.am-ի հետ զրույցում նշել են, որ դժգոհ են եղել մթերող ընկերությունների առաջարկած գներից և ճանապարհը փակել են, որպեսզի նրանց մեքենաները գյուղերից դուրս չգան:

Այս տարի մթերողները առաջարկել են 500 դրամ մեկ կգ-ի համար, ինչը, ըստ գյուղացիների, չափազանց էժան է:

Քաղցրաշենի բնակիչներից մեկի խոսքով՝ այս տարի ծիրանի բերքը Հայաստանում քիչ է կարկուտի պատճառով, և իրենք չեն ցանկացել այդ գնով վաճառել մթերող ընկերություններին, որոնք հսկայական շահույթ են ունենում՝ ծիրանը վերավաճառելով Ռուսաստանում:

Ակցիայի ընթացքում գյուղացիները պահանջել են բարձրացնել գինը, սակայն մթերողները չեն համաձայնել: Գյուղացիներից մեկը նշել է՝ մթերողները տեղյակ են եղել, որ ծիրանն արդեն քաղված է եղել, ուստի բերքը կփչանա, եթե իրենք համաձայնության չգան գնորդների հետ: Բացի դա, մթերողները նշել են, որ հնարավարություն ունեն ծիրանն ավելի էժան գնել այլ համայնքներից:

Գյուղացիներից շատերը, մտավախություն ունենալով, որ այդ քանակությամբ ծիրան չեն կարող իրացնել Հայաստանի տարածքում, ստիպված են եղել դադարեցնել ակցիան և համաձայնել մթերողների պայմաններին:

Tekali Taxi