Home / Հայաստան / Երիտասարդները հարձակվել են ԱԱԾ փոխգնդապետի տան վրա, ծեծել են հորը

Երիտասարդները հարձակվել են ԱԱԾ փոխգնդապետի տան վրա, ծեծել են հորը

Հունիսի 2-ին Աշտարակի ձորի Վարազի ձորի տեղանքում միջադեպ է գրանցվել ԱԱԾ-ի սպայի և Աշտարակի բնակիչների միջև, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են ձոր։ Նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի բնակիչ 19-ամյա Բաբկեն Գալստյանն ընկերների հետ և հայտնել, որ «էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է», և պետք է իրեն վճարումներ կատարեն։  Վիճաբանողներին մոտեցել է ԱԱԾ փոխգնդապետ Հակոբ Սիլիզյանը, որն այդ պահին իր սեփական հողատարածքում բարեկարգման աշխատանքներ է իրականացնելիս եղել:

Սիլիզյանը, տեսնելով, որ Բաբկեն Գալստյանի գոտկատեղին ատրճանակ է ամրացված, զինաթափել է նրան:

Ավելի ուշ երիտասարդները հաշվեհարդար են տեսել սպայի հետ: Մտնելով տան բակ՝ ծեծի են ենթարկել նրա 80-ամյա հորը, սպառնացել են ընտանիքի մնացած անդամներին՝ պահանջել են վերադարձնել զենքը։

Ապա երիտասարդները տեսել են տուն վերադարձած ԱԱԾ սպային, հարձակվել են նրա վրա՝ փորձելով խլել զենքը: «Ժողովուրդ»-ը գրում է, որ Սիլիզյանին հաջողվել է հետ մղել հարձակումը՝ օգնության զանգ կատարելով:

Թերթը նշում է, որ Բաբկեն Գալստյանը սպանված աշտարակցի, հանցագործ աշխարհում որպես Գարսո հայտնի հեղինակության աներձագի տղան է:

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով կատարվածը, ասել է. «Այդ աստիճան չեմ դրամատիկացնում իրավիճակը։ Միջադեպ է եղել, քննություն է գնում, այնպես որ, սովորական մի վիճակ է… չեմ կարծում, որ այդքան մեծ հնչեղություն կունենա»։  

Tekali Taxi