Home / Հայաստան / ՃՈ-ն պնդում է, որ նոր օրենքով արագությունը գերազանցող վարորդների տույժը չի մեծանա

ՃՈ-ն պնդում է, որ նոր օրենքով արագությունը գերազանցող վարորդների տույժը չի մեծանա

Վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելու մասին օրենքի փոփոխության նպատակը արագաչափի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է, այլ ոչ թե վարչական տույժի տեսակի խստացումը:  Նման պարզաբանում է  տարածել այսօր Ճանապարհային ոստիկանությունը՝ անդրադառնալով օրենքի մասին  քննարկումներին:

«Մասնավորապես, նշված հոդվածի գործող խմբագրության 1-ին մասից հանվում է արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը: Համապատասխանաբար, 10-ով նվազեցվում են արագության գերազանցման չափերը, և հոդվածում ավելացվող 5-րդ մասով այդ նույն դրույթը՝ 10 կմ/ժ-ը կիրառելի է դարձվում հոդվածի բոլոր մասերի նկատմամբ: Օրինակ, եթե 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհին վարորդը երթևեկում է 75 կմ/ժ արագությամբ, նախկին խմբագրության դեպքում այդ իրավախախտումը որակվում էր հոդվածի 1-ին մասով (11-20 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվում էր տուգանք 10.000 դրամի չափով: Նոր խմբագրության պարագայում նույն արարքը կրկին որակվելու է հոդվածի 1-ին մասով (1-10 կմ/ժ-ով գերազանցելը) և նշանակվելու է տուգանք 10.000 դրամի չափով, քանի որ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից պարտավոր է հանել 10 կմ/ժ (75կմ/ժ – 10կմ/ժ = 65 կմ/ժ, այսինքն գերազանցում 1-10կմ/ժ-ով)»,- ասված է հայտարարության մեջ:

Օրենքի փոփոխությանն անդրադարձել էր այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը, որի մեկնաբանության համաձայն, օրենքի ընդունման հետ կշատանան վարորդներից գանձվող գումարները:

«Եթե մինչ այժմ սահմանված արագությունը թույլ էր տրվում գերազանցել մինչև 10 կմ/ժամով, ապա եթե նախագիծն ընդունվի, ինչում գրեթե պետք չէ կասկածել, սահմանված արագության գերազանցումը անգամ 1 կմ/ժ-ով, առաջացնելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Եթե մինչև 50 կմ/ժ արագությամբ երթևեկելու նշանից հետո վարորդները կարող էին մեքենան վարել մինչև 60 կմ/ժ արագությամբ և չտուգանվել, ապա նախատեսվող փոփոխությունից հետո կտուգանվեն անգամ 51 կմ/ժ-ով երթևեկելու դեպքում։ Եվ այս օրինաչափությունը գործելու է մնացած բոլոր դեպքերում։ Մտավախություն կա, որ նման օրենք ընդունելով՝ էլ ավելի մեծ չափերի կհասնեն արագաչափերի տեղադրումից հետո վարորդներից գանձվող միլիոնավոր դրամների տուգանքները»,-  ասված է օրաթերթի այսօրվա համարում: 

Tekali Taxi