Home / Հայաստան / Դիտորդներն ինքնասպան եղած դատապարտյալին չէին այցելում ահազանգի բացակայության պատճառով

Դիտորդներն ինքնասպան եղած դատապարտյալին չէին այցելում ահազանգի բացակայության պատճառով

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամները երբեք չեն այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկու օր առաջ ինքնասպան եղած ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանին: Նրանք նաև չեն իմացել, որ նա խնդիրներ ունի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է խմբի նախագահ Ռոբերտ Ռևազյանը: 

Նա տեղեկացրել է, որ իրենք, դիտորդության ընթացակարգի համաձայն, այցելում են դատապարտյալներին, եթե նրանց մասին ահազանգեր են ստանում, իսկ Հազրոյանի մասին ահազանգ չի եղել՝ մինչև ինքնասպանության մասին լուրը:

Մեր հարցին, թե արդյոք դիտորդական խումբը տեղյակ էր, որ Հազրոյանը հունիսի 11-ին պատժախուց էր տեղափոխվել՝ Ռևազյանն ասել է, որ ՔԿՀ-ներն իրենց ամեն անգամ չեն հայտնում, երբ որևէ դատապարտյալ պատժախուց է տեղախոփվում, քանի որ նման դեպքերը հաճախ են լինում:

Իրավապաշտպանի տեղեկացմամբ՝ դիտորդական խումբը տարբեր ՔԿՀ-ներ այցելությունները կատարում է պարբերաբար՝ ամսվա մեջ առավելգույնը 15 այցելություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից երեկ հայտնել էին, որ դատապարտյալը պատժախցում ինքնասպանություն է գործել` կախվելով ծածկոցի բարակ կտրած շերտակտորով:

22-ամյա Հազրոյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 11-ին՝ մեղավոր ճանաչվելով քր.օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով (երկու  կամ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 365 հոդվածի 1 մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Հազրոյանը դատապարտվել էր ԼՂՀ զորամասերից մեկում 4 զինվորի սպանության և ևս 4 զինծառայողների վիրավորելու համար:

Tekali Taxi