Home / Հայաստան / Ի՞նչ են ստանալու 155 գնորդները սնանկացած «Տոնուսից». շենքերը գրավի տակ են

Ի՞նչ են ստանալու 155 գնորդները սնանկացած «Տոնուսից». շենքերը գրավի տակ են

«Տոնուս» ընկերությունն արհեստականորեն գնացել է սնանկացման, որպեսզի խուսափի մարդկանց հանձնել գնած բնակարանները: Անդրադառնալով ընկերության սնանկացման մասին դատական վճռին՝  Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել 155 խաբված բնակարանատերերից Անուշ Թանյանը:

«Տոնուսը» սնանկ է ճանաչվել նախորդ շաբաթ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընկերության կամավոր դիմումը բավարարող որոշմամբ: Ըստ Թանյանի՝ այժմ իրենց բնակարանները հետ ստանալու պահանջը «Տոնուսը» թողնում է «Արցախբանկին», որտեղ կնքվել է սեփականության մասին նախնական պայմանագրերի մեծ մասը: Սեփականության վկայականներ, սակայն, բնակարանները գնած մարդիկ չունեն: Նրանց խոստացել են դրանք հանձնել բնակարանները շահագործման հանձնելու հետ միասին:

155 բնակարանատերը «Տոնուս»-ի հետ պայմանագրեր են կապել 2006 թվականի հոկտեմբերից: Համաձայն պայմանագրի՝ «Տոնուսը» պետք է 2008 թվականին ավարտին հասցներ Փափազյան 118/1 և Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում կառուցող շենքերի շինարարությունը և բնակարանները հանձներ բնակիչներին, սակայն մինչ օրս չի կատարել իր պարտավորությունները: Թանյանի խոսքով՝ շենքերում մնում է կատարել միայն ներքին հարդարանքի աշխատանքները: 

Խաբված բնակարանատերը մեզ հեր զրույցում համոզմունք է հայտնել, որ «Տոնուս» ընկերությանը ստիպել են բանկի պարտքերը վճարել, ինչը անել չկարողանալով է այն դիմել սնանկացման ճանապարհին: «Հեշտ ուղի են ընտրել՝ թողնել մեզ ու «Արցախբանկին», որ իրար ուտենք»,- ասել է Թանյանը:

Ըստ նրա՝ «Տոնուս» ընկերությունը «լավ կազմակերպություն է և չէր քցի» իրենց, եթե չստիպեին պարտքերը վճարել:

«Սեփականատեր Աշոտ Տոնոյանը վատ մարդ չէ, նրան ուղղակի նեղում են,  քանի որ դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Գլխին սարքում են»,- կարծիք է հայտնել Անուշ Թանյանը:

Նա ասել է, որ իրենք պատրաստ են մինչև վերջ պայքարել բնակարանները ստանալու համար. «Եթե մեզ կառավարությունը չօգնի, գնալու ենք ապրենք մեր տներում, տեսնենք՝ ոնց են մեզ հանելու շենքից»:

Խնդրի շուրջ Epress.am-ը զրուցել է «Արցախբանկ»-ի փաստաբան Գևորգ Չաքմիշյանի հետ, ով նշել է, որ նախնական պայմանագիր ունեցողները բնակարանատերեր չեն, քանի որ նրանք ունեն միայն առքուվաճառքի նախնական պայմանագրեր, որոշները՝ նույնիսկ նոտարական վավերացման փաստաթղթեր չունեն:

Միևնույն ժամանակ, փաստաբանը նկատել է, որ «Արցախբանկը» չի ժխտում, որ մարդիկ վճարել են «Տոնուս» ընկերությանը, սակայն դա բանկին այնքան էլ չի վերաբերում:

««Տոնուս» ընկերությունը մեզ մոտ շենքերը գրավ է դրել և վարկ վերցրել: Ընկերության սնանկացումը չի կարելի արհեստական համարել, քանի որ հենց իրենք են դիմել սնանկ համարվելու համար և ճանաչվել են, քանի որ իրենց պարտավորությունները գերազանցել են ունեցած ակտիվները»,- ասել է Գևորգ Չաքմիշյանը:

Մեր այն հարցին, թե ինչպես է լուծվելու բնակարանների համար վճարած մարդկանց հարցը, փաստաբանը պատասխանել է, որ, ըստ օրենքի, «Տոնուսի» առաջին հերթի պարտատեր է համարվում «Արցախբանկը», քանի որ այն վարկ է տրամադրել, ուստի  գրավ դրված շենքերը  այժմ բանկի տիրապետման տակ են:

Պարզաբանումներ ստանալու համար մենք փորձել ենք կապ հաստատել «Տոնուս» ընկերության հետ, սակայն ընկերության բոլոր կոնտակտային հեռախոսահամարները չեն գործում:

Tekali Taxi