Home / Հայաստան / Վարչապետի մասնակցությամբ նոր սկանդալ է հասունանում. թերթ

Վարչապետի մասնակցությամբ նոր սկանդալ է հասունանում. թերթ

Մինչ իշխանությունները փորձում են Հայաստանում մոռացության մատնել հայտնի օֆշորային սկանդալը, Հայաստանի սահմաններից դուրս տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ: Ու կրկին դրանում կարող է շրջանառվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, իր այսօրվա համարում գրում է «168 ժամ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ խոսքը վերաբերում է «Նաիրիտ» գործարանի հետ կապված բավական խճճված պատմությանը։ Երկու օր առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկն՝ ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» դատական հերթական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով կրկին հետաձգվել է մինչև հոկտեմբեր։ Վերոնշյալ ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտի» կառավարումը, և հենց այս ընկերությունն էր, որին ՀՀ կառավարության երաշխիքով Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ էր հատկացրել։

«168 ժամ»-ի փոխանցմամբ՝ «Rhinoville Property Limited»-ը «Նաիրիտ»-ը ձեռք է բերել 2006 թվականին 40 միլիոն դոլարով: Այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը Միջպետական բանկի խորհրդի նախագահն էր, և նույն տարում էլ հենց տրվել է առաջին վարկը՝ 70 միլիոն դոլար: Հետագայում ընկերությունը խախտել է պայմանագիրը՝ 2009 թվականին չանելով 60 միլիոն դոլարի ներդրումը, որը նշված էր պայմանագրի մեջ: Դրանից հետո պետությունը կարող էր առանց իրեն վճարած գումարը վերադարձնելու 100 տոկոս բաժնետոմսերը հետ վերցնել,սակայն դա չի արվել: Իսկ պայմանագրի իրականացման վերահսկողը ՀՀ վարչապետն է եղել:  

Այժմ «Rhinoville Property Limited»-ը փաստացի հրաժարվում է մարել վարկը, և բացառված չէ, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ հանդիսացել է վարկառու ընկերության երաշխավոր:

«Նաև այս վարկի մարմամբ է պայմանավորված՝ արդյո՞ք ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կգնի «Նաիրիտը», թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» պատրաստ է գնել 100 մլն դոլարով և պայմանով, որ նրա պարտքերը գնման պահին մարված լինեն։ Իսկ այդ պարտքերը, ըստ հավաստի տեղեկությունների, կազմում են 350-400 մլն դոլար։ Իհարկե, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ «Նաիրիտի» բոլոր պարտքերը, այդ թվում՝ Միջպետական բանկին, կազմում են 100 մլն դոլար», – նշում է թերթը՝ ընդգծելով, որ նախարարի խոսքերն արժանահավատ համարել չի կարելի, և իրական պարտքը 4 անգամ մեծ է:

Հոդվածն ամողջությամբ՝ «168 ժամի» այսօրվա համարում

Tekali Taxi