Home / Հայաստան / Ստամբուլում ԼԳԲՏ համայնքի շքերթը վերածվել է ցույցի՝ ի պաշտպանություն Գեզի այգու

Ստամբուլում ԼԳԲՏ համայնքի շքերթը վերածվել է ցույցի՝ ի պաշտպանություն Գեզի այգու

Երեկ Ստամբուլի կենտրոնական փողոցում՝ Իսթիքլալում, «Հպարտության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակներում  կազմակերպվել է տրանսսեքսուալների 4-րդ ամենամյա շքերթը, որն ընթացքում վերածվել է  ցույցի՝ ի աջակցություն Գեզի այգու ընթացիկ  բողոքների, գրում է թուրքական «Հյուրիեթը»:

Ցույցի մասնակից ԼԳԲՏ ակտիվիստները կոչ են արել ճանաչել տրանսսեքսուալների իրավունքները: Նրանք դատապարտել են Թուրքիայի հասարակությունում տիրող հոմոֆոբիան և տրանսֆոբիան՝ վանկարկելով «Մենք տրանսֆոբ պետություն չենք ուզում» և «Մի լռեք, գոռացեք՝ նույնասեռականները գոյություն ունեն»:

Այնուհետև ակտիվիստները սկսել են կարգախոսներ վանկարկել՝ ի աջակցություն Գեզի այգու բողոքների: Ցուցարարները վանկարկել են՝ «Ամենուր Թաքսիմն է, ամենուր դիմադրություն է» և «Սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է»:

ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներին միացել են ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության պատգամավորներ Սեզգին Տանրիքուլուն և Բիննազ Տոպրակը, ինչպես նաև դերասանուհի Ֆյուսյուն Դեմիրալը:

Տոպրակը անցած ամիս Խորհրդարանին ներկայացված առաջարկի հեղինակն է, որով հարկավոր է պայքարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ կիրառվող խտրականության դեմ:

ԼԳԲՏ համայնքը ողջունել էր նախաձեռնությունը, բայց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դատապարտել էր այն՝ ընդդիմությանը մեղադրելով «անբարոյականությունը պաշտպանելու» մեջ:

«Հպարտության շաբաթը» կեզրափակվի հաջորդ կիրակի՝ կրկին Իսթիքլալ պողոտայում կայանալիք նույնասեռականների շքերթով:

Tekali Taxi