Home / Հայաստան / Մխիթարյանի տրանսֆերը հայկական լրատվական դաշտի համատեքստում

Մխիթարյանի տրանսֆերը հայկական լրատվական դաշտի համատեքստում

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հայաստանյան մամուլը (ոչ միայն մարզական) իր կենտրոնական թեմաներից մեկն է դարձրել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը անգլիական «Լիվերպուլ»: Այս ընթացքում այնքան կարծիքներ, մեկնաբանություններ, իրարամերժ տեղեկություններ, կեղծ ու իրականությանը մոտ հայտարարություններ հնչեցին, որ մամուլի դաշտի սովորական սպառողը պարտավոր էր խճճվել և իրավունք ուներ չհասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

Տրանսֆեր

Հայաստանյան ֆուտբոլային իրականության մեջ նման կարգի տրանսֆեր առաջին անգամ է տեղի ունենում, և գուցե դրանով է պայմանավորված այն աժիոտաժը, որն ուղեկցում է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը մամուլում: Խոսքը մարզական մամուլի մասին չէ, որտեղ այդ լուրը պետք է աժիոտաժի առիթ դառնար, այլ քաղաքական պարբերականների ու կայքերի: Հիմնականում տրանսֆերի մասին գրողները, ցավոք, անգամ տարրական պատկերացումներ չունեն, թե ինչպես է անցնում այդ գործընթացը, այդ իսկ պատճառով ենթադրություններն ու «մեր աղբյուրների» վրա հղումով տեղեկությունները գերակշիռ մաս են կազմում:

Բանակցությունների բարդ գործընթացում բոլոր կողմերն էլ օգտագործում են մամուլը արտահոսքեր կազմակերպելու, հակառակ կողմի վրա ճնշում գործադրելու համար: Յուրաքանչյուր անգլիական թաբլոիդ իր հստակ մարտավարությունն ունի այս հարցում: Այն «աշխատում» է կոնկրետ ուղղությամբ և կոնկրետ կողմի հետ, մինչդեռ հայաստանյան ԶԼՄ-ները բոլոր հնարավոր տեղեկությունները «հալած յուղի» պես են ընդունում՝ թարգմանելով արտասահմանյան մամուլի նյութերը՝ առանց հասկանալու և գիտակցելու, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը և ինչ նպատակով են այդ հայտարարություններն արվում: Բանակցությունների ընթացքում յուրաքանչյուր հայտարարություն կարող է ունենալ ինչպես այն իմաստը, որոնք հնչեցրած բառերն են արտահայտում, այնպես էլ ուղիղ հակառակ իմաստը: Պայմանականորեն, «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինի հայտարարությունը, թե Մխիթարյանը կպատժվի, եթե չմիանա թիմին, կարող է նշանակել՝ Մխիթարյանը կպատժվի, Մխիթարյանը չի պատժվի, «Շախտյորը» դեռ չի որոշել՝ արդյոք կպատժվի Մխիթարյանը: «Շախտյորում» գիտեն, որ վաճառքը մոտ է, և նման հայտարարությունով ցանկանում են լրացուցիչ ճնշում գործադրել գործակալի կամ «Լիվերպուլի» վրա: Խնդիրը ոչ թե անգամ հայտարարությունն արտատպելն է, այլ դրանից անհասկանալի հետևություններ անելը:  

Ով է իրականում վաճառում Մխիթարյանին

Հենց նման անհասկանալի հետևություն արեցին բազմաթիվ վիրտուալ օգտատերեր և իրական լրագրողներ ու կայքեր՝ կոչ անելով ակցիա կազմակերպել ՀՖՖ-ի մոտ՝ ի պաշտպանություն Հենրիխ Մխիթարյանի: Նախաձեռնությունը ֆարսի վերածվեց. ակցիայի վայրում նշված օրը միայն լրագրողներն ու ոստիկաններն էին հավաքվել: Ակցիայի պատճառ էր հանդիսացել այն լուրը, թե Մխիթարյանի իրավունքները պատկանում են «Շախտյորին», Դոնեցկի «Մետալուրգին» և «Փյունիկին», և ենթադրությունները, թե երրորդ կողմը՝ «Փյունիկը», այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանը, խոչընդոտում են տրանսֆերի իրականացումը:

Կա առնվազն երկու պատճառ, որով Ռուբեն Հայրապետյանը չէր կարող խոչընդոտել տրանսֆերի իրականացումը. ա) նա չէր կարող դա անել, բ) դա նրան ձեռնտու չէր:

Առաջին պատճառն այն էր, որ, համաձայն տարածված տեղեկատվության, Ռուբեն Հայրապետյանին պատկանում է իրավունքների 25 տոկոսը (ինչը, ի դեպ, հերքել է Դոնեցկի «Մետալուրգի» սեփականատեր Օլեգ Մկրտչյանը): Անգամ եթե դա այդպես է, բանակցում է և վաճառքի մասին որոշում է կայացնում այն ակումբը, որին պատկանում են իրավունքների գերակշիռ մասը: Այս դեպքում դա «Շախտյորն» է: Ուղղակի անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ «Շախտյորը» «Լիվերպուլի» հետ համաձայնեցնում է տրանսֆերային գումարը, Մխիթարյանը պայմանավորվում է «Լիվերպուլի» հետ իր անձնական պայմանագրի շուրջ, իսկ Ռուբեն Հայրապետյանը կամ Օլեգ Մկրտչյանը թույլ չեն տալիս տեղափոխումը:

Իտալիայում ֆուտբոլիստի տրանսֆերի համատեղ իրավունքներ ունենալը շատ տարածված երևույթ է, և «ով է ընդունելու վերջնական որոշումը» հարցը, ամրագրվում է պայմանագրերում: Հաշվի առնելով «Շախտյորի» դիրքը եվրոպական ֆուտբոլում և հնարավորությունները, վստահորեն կարելի պնդել, որ այդ խնդիրը լուծվել է Մխիթարյանի «Շախտյոր» տեղափոխվելու ժամանակ, և լուծվել է՝ ի օգուտ «Շախտյորի»: Կա նաև մի գործոն, որն անգամ իրավական հարթությունից դուրս է:

Իրավիճակին մի փոքր ծանոթ մարդը կհասկանա, որ նման որոշումներն այսպես, թե այնպես կայացնում է «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ախմետովը, որը Ուկրաինայի ամենազդեցիկ դեմքերից մեկն է, եթե ոչ ամենաազդեցիկը: Ֆուտբոլային աշխարհում, հատկապես հետխորհրդային տարածքում նրա ազդեցությունն ահռելի է, և ուղղակի անհնար է պատկերացնել, որ Ախմետովի վրա կարելի է ճնշում գործադրել կամ նրան թույլ չտալ իրականացնել վաճառքը, եթե նա ցանկանում է:

Անգամ եթե Ռուբեն Հայրապետյանը կարողանար իր ենթադրյալ 25 տոկոսով ազդել տրանսֆերի տապալման վրա, ինչո՞ւ պետք է դա աներ: Նրան, առաջին հերթին, ձեռնտու է վաճառքը, քանի որ 25 տոկոսի համար «Փյունիկը» լուրջ գումար է ստանում: Մխիթարյանի տրանսֆերի համար «Լիվերպուլը» պատրաստ է վճարել 20-ից 23 միլիոն ֆունտ, այն է 25-ից 27 միլիոն եվրո: 27 միլիոն եվրոյի 25 տոկոսը 6,75 միլիոն եվրո է: Սա հայաստանյան ֆուտբոլի պատմության ընթացքում ամենամեծ տրանսֆերային շահույթը կլինի: Կարելի է գրեթե 100 տոկոսանոց հավանականությամբ պնդել, որ հայաստանյան բոլոր ակումբները միասին բոլոր վաճառած ֆուտբոլիստների համար այդքան գումար չեն ստացել: Հստակ է, որ անգամ մեծ ցանկության դեպքում Մխիթարյանի համար այսօր ավելին չեն վճարի: Transfermarkt.de-ն, որը վստահելի աղբյուր է, նրա տրանսֆերային արժեքը սահմանել է 22 միլիոն եվրո: Չտեղափոխվելու դեպքում նրա գինը դժվար թե ավելի բարձրանա, քանի որ «Շախտյորը», կորցնելով իր երկու առաջատարներին՝ Վիլիանին և Ֆերնանդինյոյին, հաստատ ավելի ուժեղ չի դարձել, և ուժեղ խաղընկերների բացակայությունը կարող է ազդել նաև Մխիթարյանի խաղի վրա:

Եվ եթե այսօր ինչ-որ մեկին ձեռնտու է պայքարել մեծ գումար ստանալու համար, դա միայն «Շախտյորն» է, որովհետև Մխիթարյանին չվաճառելու դեպքում թիմը կպահպանի իր առաջատարին, իսկ Ռուբեն Հայրապետյանը ոչինչ չի շահի՝ փոխարենը կորցնելով մոտ 7 միլիոն եվրո:

Տրանսֆերային բումի հետևանքները

Եվ այս ամենի ֆոնին համացանցը երկու օր ապրեց բողոքի ակցիայի մասին լուրով: Նման դեպքերում ինքնին վարկաբեկվում է «բողոքի ակցիա» գաղափարը: Բողոքի ակցիա կազմակերպում են բանակում զոհվածների ծնողների կամ խաբված բնակարանատերերը: Դա անում են շաբաթից շաբաթ, տարեց տարի՝ պաշտպանելով իրենց իրավունքները: Այս անգամ հայտարարվեց և չանցկացվեց ակցիա, որը պարզապես հիմքեր չուներ: Փաստորեն, ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը քննադատության այլ պատճառներ չէր տվել, մնացել էր Մխիթարյանի տրանսֆերը:

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային սագան հիանալի տեղավորվեց երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները ոչ այդքան կարևոր լուրերով ստվերելու իշխանությունների մարտավարության մեջ:

Լրահոսների հիթը ոչ թե վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալն է, Գորիսի սպանությունը, հայ-ռուսաստանյան հարաբերությունները, գազի գինը կամ գյուղացիների խնդիրները, այլ ֆուտբոլիստի տեղափոխությունը մեկ ակումբից մյուսը:

Հայաստանյան ԶԼՄ-ների հիմնական մասը վերահսկող շրջանակների կողմից նման առիթներ մշտապես ստեղծվում կամ օգտագործվում են ավելի լուրջ խնդիրներից ուշադրությունը գոնե որոշակիորեն շեղելու համար: Սա հերթական առիթն էր, որպեսզի նման դեպքերում «միշտ պատրաստ» մարդկանց մի խումբ Սերժ Սարգսյանին բաց նամակի նախաձեռնությամբ հանդես գա՝ կոչ անելով միջամտել իրավիճակին: Փաստորեն, «լավ» ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանը պետք է պատժի «վատ» ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին: Սպորտը՝ ֆուտբոլը, շախմատը, ըմբշամարտը, ծանրամարտը, Հայաստանում մշտապես օգտագործվում են քաղաքական փիառի նպատակներով, ինչն անթույլատրելի է: Բողոքի ակցիայի մասին լուրն էլ պարզապես Հենրիխ Մխիթարյանի հայտարարության համար պատճառ դարձավ: Հայտարարության մեջ Մխիթարյանն ընդգծեց Հայրապետյանի դրական դերն իր կարիերայի զարգացման մեջ:

Արդյունքում էլ ոչ ոք չեկավ նախաձեռնած ակցիային մասնակցելու: Պարզապես վիրտուալ նախաձեռնողներն առիթ տվեցին Մխիթարյանի տրանսֆերի թեման լրահոսում գլխավորը դարձնել: Եվ պետք չէ ասել, որ առաջարկն է ստեղծում պահանջարկը: Եթե լրատվական կայքի լրահոսի կեսը մարզական նյութեր են, եթե կարևոր իրադարձությունը «կորցնում են» անիմաստ լուրերի հորձանուտում, «լղոզում» են իրադարձային ֆոնը, ապա հասարակ սպառողին էլ համապատասխանաբար թվում է, որ կարևորը Հենոյի տրանսֆերն է:  Օրինակ, հարկատուների գումարներով ապրող պետական լրատվական գործակալության կայքում մեկ շաբաթվա ընթացքում ամենաընթերցված 5 լուրերը Մխիթարյանի տրանսֆերին են վերաբերում: Եվ սա մի երկրում, որտեղ արտագաղթը շարունակվում է, իսկ աղքատությունը տեսանելի է ամեն վայրկյան:

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն ընդամենը ֆուտբոլային իրադարձություն է:

Արմեն Մ.

Tekali Taxi