Home / Հայաստան / ԵՄ և Ռուսաստան. Սերժ Սարգսյանը կողմ է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքին

ԵՄ և Ռուսաստան. Սերժ Սարգսյանը կողմ է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքին

Հայաստանը համագործակցելու է և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ: Լեհաստանում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դրանում հակասություն չի տեսնում:   

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Երկու երկրների ժողովուրդները երկար ապրել են հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Այս մասին երեկ Վարշավայում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում ինտեգրացիոն գործընթացներին:

«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Հարցին, թե Լեհաստանն արդյո՞ք աջակցելու է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում, Սերժ Սարգսյանը դրական պատասխան է տվել:

«Լեհաստանն աջակցում և օժանդակում է մեզ: Մենք այդ աջակցության և օժանդակության կարիքն ունենք»,- ասել է նա:

Tekali Taxi