Home / Հայաստան / ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահին առաջարկում է հանդարտվել

ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահին առաջարկում է հանդարտվել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, միայն խաղաղ բանակցություններն ու համաձայնության հասնելը թույլ կտան կարգավորել այս բարդ խնդիրը: Այս մասին հունիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հակամարտության կարգավորման այլ տարբերակներ չկան: Վերջին տարիներին Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ շատ հեշտ է հակամարտություն ստեղծել, շատ հեշտ է առաջինը ուժ գործադրելու մասին որոշում ընդունել, բայց շատ բարդ է իրերը վերադարձնել իրենց խաղաղ ընթացքին: 90-ական թվականներին մենք դա ապրեցինք, հետխորհրդային գոտու բազմաթիվ շրջաններում տեսել ենք ռազմական հակամարտություններ՝  մեծ թվով զոհերով. դա և Կենտրոնական Ասիան է, և նախկին Խորհրդային Միության արևմտյան մասը: Եվ մենք տեսնում ենք, թե որքան դժվար է հետո այդ շրջաններում խաղաղության հասնելը: Ես կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ մոռացել են այդ տխուր փորձը, նրանք պետք է հիշեն՝ ինչ է տեղի ունեցել 90-ականներին և հանդարտվեն»,- հայտարարել է Բորդյուժան՝ մեկնաբանելով Ալիևի՝ հունիսի 26-ին արած հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական ուժը կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման վրա:

Բորդյուժայի խոսքով՝ ՀԱՊԿ-ը վերահսկում է իրավիճակը և հետևում դրա զարգացմանը, բայց հակամարտության կարգավորման հարցերով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Ես դեմ եմ, որ ինչ-որ մեկը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ը, խառնվի հակամարտության կարգավորման գործընթացին»,- Գլխավոր քարտուղարի խոսքերն է փոխանցում Regnum գործակալությունը: Բորդյուժան կարծում է, որ խնդրի լուծման համար նոր միջոցների ավելացումը հակաարդյունավետ է: 

Tekali Taxi