Home / Հայաստան / Քննիչը հակասել է ինքն իրեն. բանտում մահացած երիտասարդի գործով քննությունը շարունակվում է

Քննիչը հակասել է ինքն իրեն. բանտում մահացած երիտասարդի գործով քննությունը շարունակվում է

ԼՂՀ-ի «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, ցանկանում է, որպեսզի իրեն որդու իրավահաջորդ ճանաչեն: Խնդրահարույց գործով կարող են նաև պաշտոնատար անձինք պատժվել: 

Այսօր ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվել է Հեղինե Պետրոսյանի դիմումը, որով նա պահանջում է վերացնել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը:

ՀՔԾ-ում գործը քննող քննիչը Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ ճանաչելու մասին պահանջը չէր բավարարել, բայց չէր էլ մերժել՝ հետաձգելով դիմումի քննությունը:

Արդյունքում, ըստ Հեղինե Պետրոյսնի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի, սպանված զինվորի հարազատները, չլինելով իրավահաջորդ, քրեական գործի քննության մասին մանրամասներ չեն կարող ստանալ:

«Խնդիրն այն է, որ Հայկը մահացել է, և նման պայմաններում ծնողին իրավահաջորդ չճանաչելը կոպիտ խախտում է ոչ միայն միջազգային իրավունքնով սահմանված, այլև մեր Վճռաբեկ դատարանի որոշմամբ այն մասին, որ քննությունը պետք է հասանելի լինի զոհի  ընտանիքին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Զալյանը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում քննիչը, պարզաբանելով մորը իրավահաջորդ ճանաչելու դիմումի հետաձգելու մասին իր որոշումը, ասել է, որ Մովսիսյանի մահվան փաստի մասին գործով որոշում չի եղել, այսինքն՝ գործը շարունակում է քննվել. այն մեկ ընդհանուր վարույթի մեջ է մտցվել ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործի հետ, որի շրջանակներում  պաշտոնատար անձինք մեղադրվում են Հայկ Մովսիսյանի մահվան հետ կապված անփութության մեջ: 

Ըստ Զալյանի՝ այս հայտարարությունը  բազում հարցեր է առաջացնում, քանի որ նախկինում քննիչը ասել էր, թե մահվան փաստի մասին վարյութը ԼՂՀ ՀՔԾ-ում կարճվել է, և գործի վարույթի չլինելն է պատճառը, որ Մովսիսյանի մորն իրավահաջորդ ճանաչելու մասին որոշում չի կայացվել: Թե ինչու է քննիչը հակասական պատճառաբանություններ բերում, ըստ փաստաբանի, դեռ բարդ է մեկնաբանել, քննության ընթացքը ցույց կտա:

Այսօրվա նիստում Զալյանը միջնորդել է, որպեսզի քննիչը դատարան ներկայացնի իր որոշման հիմքերը ապացուցող փաստաթղթերը: Դատարանը մասնակի բավարարել է միջնորդությունը և քննիչը պարտավորվել է հուլիսի 9-ին կայանալիք հաջորդ նիստին ներկայացնել Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի նոյեմբերի 20-ին Հրազդանի բնակիչ Հայկ Մովսիսյանին գտել են մահացած Շուշիի բանտում: Նախնական պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել: Երիտասարդը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ զինծառայությունից խուսափելու և իր առողջությանը վնաս պատճառելու համար, սակայն հետմահու անմեղ է ճանաչվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր քրեական գործ հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր ապօրինի քրեական հետապնդում են իրականացրել երիտասարդի նկատմամբ:

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը վստահություն էր հայտնել, որ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելը կապված է եղել Հայկ Մովսիսյանի գործի հետ:

Դեռևս անցյալ տարի Հեղինե Պետրոսյանը հայտարարել էր, որ չի հավատում ինքնասպանության վարկածին:

Tekali Taxi