Home / Հայաստան / 5 մարզպետարանների աշխատակիցներ յուրացման մեջ են մեղադրվում. կան կալանավորվածներ

5 մարզպետարանների աշխատակիցներ յուրացման մեջ են մեղադրվում. կան կալանավորվածներ

Հատուկ քննչական ծառայությունը 4 քրեական գործ է հարուցել հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առիթով: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը:

Նա նշել է, որ չորս քրեական գործերը, նաև Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարված նույն բնույթի հանցագործությունների վերաբերյալ մայիսի 3-ից քննվող քրեական գործը միացվել են մեկ վարույթում:

«Այդ քրեական գործով ներկա դրությամբ մեղադրվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ինչպես նաև Վայոց ձորի նախկին մարզպետի (ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյան-խմբ.) մտերիմ անձանցից մեկը, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը վերականգնելու (ներկա դրությամբ վերականգնվել է շուրջ 8 մլն դրամ), ինչպես նաև չարաշահումներին մասնակից մյուս պաշտոնատար անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ»,- ասել է Շահինյանը։

Tekali Taxi