Home / Հայաստան / Վահե Ավետյանը, Գորիսի սպանությունը և Սումգայիթը. հայաստանցիներին հորդորում են չվարժեցվել

Վահե Ավետյանը, Գորիսի սպանությունը և Սումգայիթը. հայաստանցիներին հորդորում են չվարժեցվել

«Վահե Ավետյան» նախաձեռնող խումբը պատրաստվում է Հանրային արդարության տրիբունալ ստեղծել՝ Հայաստանում արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները կոծկելու և դրանք կատարող անձանց հովանավորելու պայմաններից ելնելով: Այս մասին խմբի անդամները հայտարարել են լրագրողների հետ հանդիպմանը:

Խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն իր խոսքում հիշեցրել է, որ հունիսի 29-ին  լրանալու է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի թիկնազորկի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած բանակի սպա, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի տարելիցը:

«Գործող վարչախմբի ներկայացուցիչները մեկ տարի առաջ կոչ էին անում հանրությանը չշտապել գնահատակա տալ ստեղծված իրավիճակին ու սպասել արդարադատության համակարգի եզրակացությանը, սակայն  դատարանի դահլիճում ամբաստանյալների գնալով լկտիացող կեցվածքը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի՝ տուժողների նկատմամբ արտահայտված հոխորտանքը վկայում է սպասելի արդյունքի մասին՝ այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց»,- ասել է Չուգասզյանը:

Նա նշել է, որ  վարչախումբն անում է հնարավոր ամեն ինչ՝  աղմուկը լռեցնելու, դատավարությունները ձգձգելու, հանցագործությունը կոծկելու ուղղությամբ, սակայն  դա թույլ չտալու համար  իրենց խումբը տարբեր հայցեր է ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի դեմ:

«Մենք դատական գործընթացի այս ութ ամիսների ընթացքում հերթական անգամ համոզվեցինք, որ դատական ֆունդամենտալ սկզբունքը բռնաբարվեց: Իսկ մի քանի ամիս առաջ էլ Սերժ Սարգսյանը շքանշանով պարգևատրեց Ռուբեն Հայրապետյանին: Փաստորեն, այսպիսի ծայրահեղ վարկաբեկված անձնավորությունը, դեռ դատական պրոցեսը չավարտած, խրախուսանքի է արժանանում, սա խոսում է այն մասին, որ ամբողջ դատական համակարգն էլ լծված է Ռուբեն Հայրապետյանին մաքրելու գործին»,- ասել է նախաձեռնող խմբի անդամը:

Վերջինս շեշտել է, որ հասարակության հանդեպ նման լկտի արհամարհանքի հետևանքով վերջերս նմանատիպ հանցագործություն տեղի ունեցավ, որի հետևանքով ծանր վիրավորվել է բանակի մեկ այլ սպա, իսկ նրա եղբայրը սպանվել է:

«Պատկան դատախազական մարմնի ղեկավարը հանցագործության հաջորդ օրն իսկ, խախտելով բոլոր կանոնները, հայտարարում է, որ մարզպետը հանցագործության վայրում չի եղել, դրանով իսկ ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության ելքը», -ասել է բանախոսը:

Հանդիպման մեկ այլ մասնակից, «Ժառանգության» նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նշել է, թե մերժում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից հնչող այն հայտարարությունները, թե պետք սպասել  իրավական գնահատականին, և դա համարել է կարճատեսություն:

«Ոչ միայն գործադիր իշխանությունը իր տեղում չէ, այլև՝ նախևառաջ դատական և արդարադատության համակարգերը: Ես չեմ սիրում զուգահեռներ անցկացնել, բայց այնպես, ինչպես կոծկում են «Հարսնաքարի» գործը, ինձ հիշեցնում է՝ ինչպես էին կոծկում Սումգայիթի ջարդերը»,- ասել է բանախոսը:

Նա համոզմունք է հայտնել, որ այն, ինչ տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում, վկայում է, որ երկրի ղեկավարությունը, գործող իշխանությունը ուզում են վարժեցնել ժողովրդին նմանատիպ անօրինություններին ու հանցագործ մեթոդներին, ինչը անհանդուրժելի է:

«Այստեղ կոծկվում է հանցագործությունը բոլոր ձևերով. մի տարվա ընթացքում ինչ-որ շքանշանով խրախուսվեց նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ու սա ապտակ է հասարակությանն ու մեր ժողովրդի նկատմամբ: Կոչ եմ անում չենթարկվել այդ վարժեցմանը, որով մեզ ուզում են ապացուցել, որ մենք արժանի ենք այսպիսի վիճակների, ու անհնազանդությունը պետք է սկսվի մեր ներսից»,- եզրափակել է Լարիսա Ալավերդյանը:

Tekali Taxi