Home / Հայաստան / Վահագն Չախալյանը եղբոր ձերբակալության մեջ մեղադրում է Սահակաշվիլիի կողմնակիցներին

Վահագն Չախալյանը եղբոր ձերբակալության մեջ մեղադրում է Սահակաշվիլիի կողմնակիցներին

Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը իր եղբոր ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներով է բացատրում:

Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը (լուսանկարում) պնդում է, որ հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում հատուկ ջոկատայինների կողմից իր եղբոր՝ Արմեն Չախալյանի ձերբակալությունը, ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունի:

«Օրենքի առջև հավասար են բոլորը: Սակայն եղբորս ձերբակալության հանգամանքները ինձ հիմքեր են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացված սադրիչ գործողություն է, որի հեղինակներն են տեղական ուժային կառույցներում դեռևս որոշ չափով իրենց ազդեցությունը պահպանած Սահակաշվիլու-Մերաբիշվիլու ռեժիմի նախկին կամակատարները:

Հիմքեր ունեմ պնդելու, որ այս սադրիչ քայլով վերոնշյալ շրջանակները փորձում են արհեստականորեն լարել մթնոլորտը հայ բնակչության և կենտրոնական իշխանությունների միջև, երկկողմանի անվստահության պայմաններում վերականգնել իշխանափոխությունից հետո իրենց խարխլված դիրքերը: Գտնում եմ, որ տեղի ունեցածը մեծ չափով հետևանք է նրան, որ մեր երկրի ներկայիս իշխանությունները մինչ այժմ չեն դրսևորել անհրաժեշտ վճռականություն և քաղաքական կամք՝ Ջավախքի հայ բնակչության նկատմամբ նախորդ ռեժիմի հանցագործ քաղաքականության դատապարտման, արդարության վերականգնման, հայաբնակ շրջաններում օրենքի գերակայության և ժողովրդավարական արժեքների հաստատման սկզբունքային գործում: Ուզում եմ հավատալ, որ իմ եղբոր ձերբակալման գործողությունը ծրագրավորած և իրականացրած ուժերը սխալ կգնտնվեն իրենց հաշվարկներում, նրանց սադրանքը կձախողվի», – եղբոր ձերբակալության կապակցությամբ տարածած հայտարարության մեջ գրում է Վահագն Չախալյանը:

Վերջինս նաև ընդգծում է, որ գործել է, գործում է և գործելու է բացառապես օրինականության սահմաններում և հայտարարում է, որ անկախ ամեն ինչից շարունակելու է տարածաշրջանում լիարժեք ժողովրդավարության հաստատման,  ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական և մշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված իր քաղաքական գործունեությունը: 

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և խուլիգանության համար: Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև վրաստանյան հայրենակցական միություններ կոչ էին անում Չախալյանին քաղբանտարկյալ ճանաչել: Նա ազատ էր արձակվել 2013 թվականի հունվարի 24-ին, երբ Վրաստանում իշխանության է եկել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարությունը: Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին քննադատել է նոր իշխանություններին Չախալյանին բաց թողնելու համար:

Tekali Taxi