Home / Հայաստան / Դեպարդյեն չի հասկացել «Աբխազիայի հակամարտության համատեքստը»

Դեպարդյեն չի հասկացել «Աբխազիայի հակամարտության համատեքստը»

Ֆրանսիացի դերասան, Ռուսաստանի քաղաքացի Ժերար Դեպարդյեն խախտել է Վրաստանի օրենքները: Այս մասին Թբիլիսիում չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին:

Նա ասել է, որ «Ռուսաստանի կողմից Աբխազիայի շրջան մուտք գործելով՝ Դեպարդյեն խախտել է Վրաստանի օրենքները»:

«Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացի է, և նրա այցը Սուխումի կազմակերպել էր ռուսաստանյան կողմը: Խիստ կասկածում եմ, որ նա հասկանում է Աբխազիայում հակամարտության համատեքստը և այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների իմաստը»,- նշել է Ցիխելաշվիլին:

Դեպարդյեն հուլիսի 1-ին եղել է Սուխումիում և այնտեղ հանդիպել Աբխազիայի ղեկավար Ալեքսանդր Անկվաբին: Դերասանը հայտարարել է, որ «Աբխազիայի մասին իմացել է դեռևս նախագահ Սերգեյ Բագապշի կենդանության օրոք՝ Սանկտ Պետերբուրգում նրա հետ հանդիպման ժամանակ»:

«Այս տարվա հունվարին՝ Սոչիում գտնվելիս, իմացել եմ, որ Աբխազիան շատ մոտ է գտնվում, և դեռ այն ժամանակ որոշել եմ անպայման այցելել այդ երկիր»,- ասել է նա:

Դերասանը նշել է, որ գիտի 20 տարի առաջ Աբխազիայում տեղի ունեցած պատերազմի մասին, և Սուխումիի ճանապարհին տեսել է դրա հետքերը: Հյուրին ողջունելով՝ Անկվաբը, իր հերթին, նշել է, որ Աբխազիայում Դեպարդյեին լավ գիտեն, ինչում դերասանը ինքը կարող էր համոզվել՝ զբոսնելով մայրաքաղաքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Tekali Taxi