Home / Հայաստան / Ոստիկանությունից պահանջում են գտնել Վահե Ավետյանի հուշաքարը հափշտակողներին

Ոստիկանությունից պահանջում են գտնել Վահե Ավետյանի հուշաքարը հափշտակողներին

Վարչախմբի ներկայացուցիչները՝ ի դեմս ոստիկանութան, մեկ տարի առաջ ռազմական բժիշկ Վահե Ավետյանին սպանածների հանցակիցն են դառնում: Այս մասին ասված է «Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարության մեջ:
 
Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ շաբաթ օրը կայացած ակցիայի ժամանակ, ոստիանները խոչընդոտել են իրենց երթը, ինչպես նաև սկզբում թույլ չեն տվել ռեստորանի մոտ հուշաքար տեղադրել: Հետագայում, երբ նրանք հեռացել են երթ անցկացնելու համար, հուշաքարն անհետացել է
 
«Այն դեպքում, երբ հասարակության մի արթուն հատված որոշում է հուշաքարով պատվել զոհված սպայի և բժշկի ողբերգական մահվան տարելիցը, վարչախմբի ներկայացուցիչներն ի դեմս ոստիկանութան, փոխանակ միանալու ու հարգելու այդ որոշումը, արգելում ու խոչնդոտում են ոչ միայն դրա տեղադրումը, այլև ապօրինաբար արգելում են քաղաքացիների երթը և իրենց անգործությամբ թույլ տալիս սպանվածի հիշատակի պղծումը՝ չնկատելու տալով հայոց բանակի խորհրդանիշ կրող հուշաքարի հափշտակությունը: Այդպիսի վարքով նրանք նույնանում են Նախիջևանում խաչքար ջարդող բարբարոս տեսակին և հանցակից են դառնում մեկ տարի առաջ հայկական բանակի սպային առանձնակի դաժանությամբ սպանած ոհմակին։
 
«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը.

1. դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները, 
2. սույն հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից  պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը,
3. սույն հայտարարությամբ պաշտոնապես դիմում է Երևանի քաղաքապետարանին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարող տարածքը եզերող հատվածում (Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում) Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն ստանալու ակնկալիքով», – նշում են հայտարարության հեղինակները:

Լուսանկարը՝ 168.am

Tekali Taxi