Հայերը չեն ուզում ապրել Ադրբեջանում, քանի որ վախենում են. ռուսաստանցի պատգամավոր
Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր, կուսակցության Կենտրոնական խորհրդի և Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Օլեգ Պախոլկովը, ԼՂՀ այցից և Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից քննադատության արժանանալուց հետո, հարցազրույց է տվել ադրբեջանական vesti.az կայքին: Ստորև ներկայացվում է զրույցի համառոտ տարբերակը:
- Դուք խոսում եք ղարաբաղյան հակամարտության՝ ռազմական ճանապարհով կարգավորման անթույլատրելիության մասին: Բայց արդեն 19 տարի է բանակցություններ են տարվում, իսկ թունելի վերջում լույս այդպես էլ չի երևում: Այս հարցին ինչպիսի՞ լուծում եք տեսնում Դուք:
- Այսօր հայերն ու ադրբեջանցիներն այնքան վախեցած են համատեղ կյանքի մտքից, որ նրանք ուղղակի ֆիզիկապես չեն կարողանա ապրել մի պետության սահմաններում: Կրկնվեմ՝ ես եղել եմ հակամարտության երկու կողմերում էլ, այդ պատճառով կարող եմ ասել, որ ադրբեջանցիները հասկանում են, որ իրենց կողքին հայերի ապրելն անհնար է, հենց այդպես են մտածում նաև հայերը: Կարծում եմ, որ դրանում մեղավոր են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական գործիչները: Մոսկվայում հայերն ու ադրբեջանցիները բավական նորմալ գոյատևում են միմյանց կողքին: Ինձ հետ Ղարաբաղ էր եկել մի հայաստանցի՝ ընկերություններից մեկի գլխավոր տնօրենը... այսպես՝ նրա ընկերության ֆինանսական տնօրենը ադրբեջանցի է: Միգուցե պետք է անցնի ևս 10-20-30 տարի, որպեսզի կողմերը հաշտվեն և մոռանան փոխադարձ ջարդերը, որի արդյունքում Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում՝ ոչ մի հայ:
-Կներեք, որ ընդհատում եմ, բայց Բաքվում ներկա դրությամբ բնակվում է մոտավորապես 30 հազար ազգությամբ հայ մարդ, և ոչ ոք նրանց չի կոտորում կամ վռնդում...
- Դա՞ է պատճառը, որ Բաքուն մերժեց Նարիշկինի (ՌԴ Պետդումայի խոսնակ) պաշտոնական պատվիրակության կազմի մեջ մտնող հայ կնոջ մուտքը, այն բացատրությամբ, թե իբր չի կարողանա ապահովել նրա անվտանգությունը երկրում: Բաքվում այդ 30 հազար հայերը ադրբեջանցիների կանայք են, ովքեր մահմեդականություն են ընդունել: Իսկ ինչ՞ հիմքով են մերժել Նարիշկինի պատվիրակության անդամին: Ընդ որում, Բաքվում Նարիշկինի հանդեպ վերաբերմունքը հիանալի է, նրան որպես մոտ ընկեր են ընդունում: Իսկ ահա նրա օգնականին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու, քանի որ նա հայուհի է:
- Բաքվում եղել են և դաշնակցական Կիրո Մանոյանը, և Րաֆֆի Հովհաննիսյանը, և հայ մարզիկները, և նրանց անվտանգության ապահովման հետ ոչ մի խնդիր չի առաջացել: Իսկ Ադրբեջանի ընկերոջ օգնականին ներս չեն թողել միայն այն պատճառով, որ նա հայուհի՞ է: Նարիշկինը Բաքվում այդ հարցը չի՞ բարձրացրել:
-Կարող է բարձրացրել է, կարող է՝ ոչ, ես ամբողջ իրավիճակին ծանոթ չեմ, բայց այն ինձ շշմեցրեց, քանի որ ես էլ էի պատվիրակության կազմում: Բայց դուք այդքան մի անհանգստացեք, նույն վերաբերմունքն է նաև ադրբեջանցիների հանդեպ Հայաստանում:
- Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է: Նախկին նախագահ Մեդվեդևի՝ հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը ձախողվեցին՝ հայաստանյան կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Ձեր կարծիքով՝ ինչ՞ պետք է անի Մոսկվան բանակցային գործընթացը տեղից շարժելու համար:
- Ես ոչ Մոսկվան եմ, ոչ նախագահը ու չեմ նստում Կրեմլում, բայց կարող եմ ներկայացնել իմ տեսանկյունը: Պետք է զիջումների գնալ, քանի որ առանց զիջումների հակամարտությունը չի կարելի կարգավորել: Ես վստահ եմ, որ այսօր Ղարաբաղի ոչ մի հայի չես կարողանա ստիպել ապրել Ադրբեջանի կազմում, քանի որ նրանք ուղղակի վախենում են: Ես հասկանում եմ նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը ցանկանում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Ես հարգում եմ բոլոր տեսանկյունները, բայց կարծում եմ, որ այսօր այս հակամարտությունը ելք չունի: Պետք է ամեն ինչ սկսել մաքուր էջից: Պետք է դադարեցնել հակահայկական և հակաադրբեջանական քարոզչությունը: Չէ որ ժողովուրդները Ադրբեջանի և Հայաստանի սահմաններից դուրս ընկերներ են: Ավելին, հայերն ու ադրբեջանցիները երբեմն միավորվում և կռվում են ռուսների դեմ: Հարկավոր է քայլ առ քայլ մշակութային փոխանակում սկսել և հրաժարվել միմյանց հանդեպ թշնամության տարածումից: Առանց դրա ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի: