Home / Հայաստան / Ագրարային համալսարանում կամավոր-պարտադիր սկզբունքով լոտո ու պանիր են վաճառում

Ագրարային համալսարանում կամավոր-պարտադիր սկզբունքով լոտո ու պանիր են վաճառում

Ագրարային համալսարանի աշխատակիցներին ստիպում են վիճակախաղի տոմսեր գնել: Երեք ամիս առաջ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ բուհի ուսանողներին աշխատացնում են Սերժ Սարգսյանի եղբոր այգիներում: 

ՀՀ ազգային ագրարային համալսարանում աշխատակիցներին և ուսանողներին պարտադրում են վիճակախաղի տոմս ու պանիր գնել: Այս մասին բուհի աշխատակիցները պատմել են «Հայկական ժամանակ» օրաթերթին: Վիճակախաղի տոմսերն արժեն 2000 դրամ: Ագրարային համալսարանի ղեկավարությունը բացատրում է, որ վիճակախաղի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Այցելելով բուհ՝ թերթի թղթակիցը տեսել է, որ վիճակախաղի գովազդը փախցված է շենքի ներսում: «Շահում ես դու, շահում է երկիրը» ազդարարում է գովազդը, իսկ լոտոյի տոմսի վրա գրված է. «Մասնակցելով վիճակախաղին՝ դուք կնպաստեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբնակեցմանը»: Վիճակախաղում խաղարկվում են բնակարաններ, ավտոմեքենաներ, տուրիստական ուղեգրեր, արցախյան զարդանախշերով գորգեր և ոսկերչական իրեր:

Ինչ վերաբերում է պանրին, ապա թերթի զրուցակիցները պատմել են, որ պանիրը համալսարանի արտադրամասի արտադրանքն է, որը բավականին լավն է և իրենց տրամադրվում է համեմատաբար էժան գներով (1 կգ` 1800 դրամ):

Թերթը հարցում է արել Ագրարային համալսարանին, թե ինչու է բուհը պարտադրում աշխատակիցներին առնվազն մեկ տոմս գնել և ինչու է բուհը վիճակախաղի տոմսի վաճառքով զբաղված:

«Երբ բուհում տեղեկացան վիճակախաղի մասին, որի միջոցները պետք է ուղղվեն ԼՂՀ բնակավայրերի ջրով ապահովման կենսական նշանակության խնդրի լուծմանը, ռեկտորատի, գիտխորհրդի նիստերին միահամուռ որոշեցին մասնակցել վիճակախաղին: Աշխատակիցների մասնակցությունը բացառապես կամավոր սկզբունքով է», – մասնավորապես, ասված է Համալսարանի տված պատասխանում:

Ըստ բուհի պարզաբանման՝ պանիր գնելը նույնպես պարտադիր չէ: «ՀԺ»-ն նշում է, որ բուհի աշխատակիցները զգուշավոր էին, ասում էին, որ վիճակախաղի տոմսերը պարտադիր չեն, սակայն լրագրողին հասկանալի է դարձել, որ գործում է պարտադիր-կամավոր սկզբունքը:

Հիշեցնենք, որ ապրիլին թերթը գրել էր, որ Ագրարային համալսարանի ուսանողներին աշխատացնում են Սերժ Սարգսյանի եղբորը պատկանող այգիներում:

Հոդվածի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում   

Լուսանկարը՝ Yerevan.am

Tekali Taxi