Home / Հայաստան / Եգիպտոսի բանակը հաստատել է պաշտոնանկ արված նախագահի կալանքը

Եգիպտոսի բանակը հաստատել է պաշտոնանկ արված նախագահի կալանքը

Եգիպտոսում բանակի ներկայացուցիչները հաստատել են, որ պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսին գտնվում է կալանքի տակ, հայտնում է AFP գործակալությունը:

Եգիպտոսի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտնել է, որ խոսքը «նախնական կալանքի տակ առնելու մասին է՝ հետագա գործողություններ իրականացնելու նպատակով»: Աղբյուրը հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել, սակայն AFP-ն կարծում  է, որ այդ ձևակերպումից կարելի է ենթադրել՝ զինվորականները պատրաստվում են Մուրսիին մեղադրանք ներկայացնել:

Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ Մուրսին ձերբակալվել է իր մի քանի դաշնակիցների հետ միասին, այն բանից հետո, երբ նա Եգիպտոսի ժողովրդին կոչ է արել պաշտպանել իր՝ նախագահի պաշտոնի օրինականությունը: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այդ հայտարարությունը եգիպտացիների մեջ տարաձայնություններ սերմանելու փորձ էր և համապատասխան արձագանք էր պահանջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահ մարմինները ձերբակալել էին Մուրսիին աջակցող «Մահմեդական եղբայրներ» շարժման 300 անդամների, այդ թվում՝ «Ազատություն և արդարություն» կուսակցության ղեկավար Սաադ ալ-Քաթաթնին, ինչպես նաև շարժման ղեկավարի տեղակալ Ռաշադ ալ-Բայումին:

Բանակի ներկայացուցիչները չեն պարզաբանել, թե Մուրսին և այլ բարձրաստիճան կալանավորները որտեղ են պահվում: Սակայն նախկին նախագահի վարչակազմի ներկայացուցիչներից մեկի որդին հայտարարել է, որ իր հայրը և նախագահի ամբողջ թիմը տնային կալանքի տակ են գտնվում Կահիրեի կենտրոնում՝ Հանրապետական պահակազորի ակումբում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ինքը՝ Մուրսին, պահվում է իր դաշնակիցներից առանձին՝ Պաշտպանության նախարարության շենքում:

Եգիպտոսի Պաշտպանության նախարար Աբդել-Ֆաթահ ալ Սիսին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության մասին հայտարարել է հուլիսի 3-ի երեկոյան: Այս որոշումը ընդունվել երկրում օրեր շարունակ անցկացվող զանգվածային բողոքի ակցիներից հետո, որի մասնակիցները պահանջում էին Մուրսիի հրաժարականը՝ նրան մեղադրելով տնտեսական խնդիրները լուծելու անկարողության, ավտորիտար կառավարման ոճի և երկրի մահմեդականացման մեջ: Բանակի ներկայացուցիչները Մուրսիից և ընդդիմությունից պահանջել էին մինչև հուլիսի 3-ը ներկայացնել քաղաքական ճգնաժամից ելքի ծրագիր, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ խորհուրդ էր տվել Հայաստանի քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից՝ հաշվի առնելով երկրում ծավալվող իրադարձությունները:

Tekali Taxi