Home / Հայաստան / Տարոն Մարգարյանին խնդրել են պարզաբանել՝ ինչու է իր ազգականը քանդում Ավանի տարածքը

Տարոն Մարգարյանին խնդրել են պարզաբանել՝ ինչու է իր ազգականը քանդում Ավանի տարածքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել են պատասխանել՝ ի՞նչ հիմնավորումներով է թույլատրվել կառուցապատում իրականացնել Ավան համայնքում կանաչ գոտու հաշվին: Բնակիչները պնդում են, որ կառուցապատողը Տարոն Մարգարյանի ազգականն է:

Երևանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզաբանումներ խնդրելով Ավանում իրականացվող կառուցապատման կապակցությամբ:

Սաֆարյանը նշում է, որ Ավան վարչական շրջանի մի խումբ բնակիչներ ահազանգ են հնչեցրել, թե Ավան-Առինջ թաղամասի 3/1 և 3/5 շենքերի միջև ընկած կանաչապատ տարածքում շաբաթ օրը վաղ առավոտից ծանր տեխնիկայով հողային աշխատանքներ են իրականացվել` կտրելով և արմատախիլ անելով ծառերը և թփերը: Հատվել է 4 ծառ, ոչնչացվել է տարածքի՝ մոշենու խիտ թփերով ու յասամանի ծառերով բնական ցանկապատը, վնասվել է 30-ամյա ընկուզենին:

«Տարածքի սեփականատերերի կողմից ուշացումով բնակիչներին տրամադրված փաստաթղթերից ակնհայտ է, որ դրա փաստացի տերը Կարապետ Ղազարյանն է, ով հանդիսանում է Ձեր ազգական Մհեր Պետրոսյանի աները (այդ տեղեկությունը տրամադրվել է բնակիչների կողմից): Փաստաթղթերից նաև երևում է, որ նախկինում հիշյալ հողակտորում միառժամանակ խանութ, ապա` վարսավիրանոց, իսկ ընտրությունների ժամանակ` ՀՀԿ ընտրական շտաբ ծառայած շինությունը 27.08.2012թ. ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրով: Դրանից հետո ձեր կողմից 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կատարվել է շինության հետնամասում գտնվող կանաչ տարածքի հողահատկացում», – նակամում նշում է Սաֆարյանը:

Նա ընդգծում է, որ ամենևին չի վիճարկում Մարգարյանի հարազատների՝ սեփականություն ունենալու կամ կառուցապատում իրականացնելու իրավունքը, այդուհանդերձ կանաչ գոտու հողահատկացման ու կառուցապատման օրինականության հետ կապված մի շարք խնդիրներ է բարձրացնում:

1. Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի պատճեները:

2. Ի՞նչ հիմնավորումներով է թույլատրվել կառուցապատում իրականացնել ավելի մեծ տարածքում, ըստ որում՝ կանաչ գոտու հաշվին և ավելի մեծ մասշտաբով, քան նախկին շինության տարածքն է եղել: Ավելորդ է հիշեցնել, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Դուք և ձեր կուսակցությունը խոստանում էիք ավելացնել մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսը, որը մեկ շնչի հաշվով ներկայումս հեռու է բավարար լինելուց (շուրջ 6 քառ. մետր` նորմատիվային 20 քառ.մետրի փոխարեն), մինչդեռ նման գործողությունները ճիշտ հակառակի մասին են վկայում:

3. Որքանո՞վ է արդարացված կանաչ տարածքի հաշվին մասնավոր բիզնես շահի սպասարկումը քաղաքապետարանի կողմից, քանի որ կանաչապատ տարածքը նախկինում ծառայել է հարակից շենքերի բնակիչների հանգստին ու առողջությանը, իսկ այժմ ծառայելու է Ձեր ազգականի մասնավոր բիզնես շահերին: Վերջիններս նախ հայտարարել են, թե այդ վայրում 5 մետր բարձրությամբ խանութ են սարքելու և շահագործելու, իսկ հետո հայտարարել են, թե տարածքը վարձակալությամբ տրամադրելու են ինչ-որ բանկի:

4. Խնդրում ենք հայտնել, թե ո՞ր լիցենզավորված կազմակերպությունն է իրականացնում քանդման և շինարարության աշխատանքները, ինչո՞ւ նա տարածքում չի փակցրել կառուցվող շենքի հաստատված նախագիծը, ինչպես պահանջվում է օրենքով, և ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ սեփականատերը վստահ չէ, թե ի՞նչ է կառուցում: Այս առումով խնդրում եմ հայտնել, թե հաստատված Ճարտարապետահատակագծային առաջադրանքում ինչ է նշված կառույցի և ողջ տարածքի ֆունկցիոնալ նշանակության համար:

5. Արդյո՞ք կառուցապատողն ունեցել է կանաչ ծառեր կտրելու թույլտվություն, եթե այո, ապա` ե՞րբ է այն տրմադրվել, ի՞նչ հիմնավորումներով:

Ստյոպա Սաֆարյանն առաջարկում է քաղաքապետին կասեցնել քանդման և հողային աշխատանքները, մինչև վերոնշյալ հարցերի պատասխանները ստանալը:

Սաֆարյանը նաև խնդրում է իր բաց նամակը դիտարկել իբրև Երևանի ավագանու անդամի պաշտոնական գրություն և դրան ընթացք տալ օրենքով սահմանված կարգով:

Tekali Taxi