Home / Հայաստան / ԵՄ պաշտոնյան Երևան է ժամանում՝ գնահատելու Հայաստանի առաջընթացը

ԵՄ պաշտոնյան Երևան է ժամանում՝ գնահատելու Հայաստանի առաջընթացը

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը Երևանում պատրաստվում է գնահատել, թե ինչպես են ընթանում Հայաստանի գործերը մինչ Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանում Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Բրյուսելում Ֆյուլեի գրասենյակի մամուլի պատասխանատու Անկա Պադուռառուն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ հանձնակատարը կարևորում է իր այցը Երևան հատկապես Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ:

Ըստ եվրահանձնակատարի գրասենյակի մամլո պատասխանատուի՝ այցի հիմնական նպատակը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ Հայաստանի դրության և գրանցած հաջողությունների գնահատումն է: Կարևոր է տեսնել՝ ինչպես են ընթանում գործերը մինչ գագաթնաժողովը, նշել են Բրյուսելում Ֆյուլեի գրասենյակից:

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում գնահատելով Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առաջընթացն ու անելիքները Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ Ֆյուլեն ասել էր․ «Հայաստանի համար, հուսով ենք, այդ գագաթնաժողովի կոնկրետ արդյունքը կլինի Ասոցիացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ պայմանագրի նախաստորագրումը: Սա շատ դժվարին գործընթաց է, որը ենթադրում է, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է ներդաշնակեցվի եվրոպական օրենսդրության հիմնական մասի հետ: Այնպես որ, սա լուրջ գործ է»:

Հայաստանում Շտեֆան Ֆյուլեն հանդիպելու է Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի, կրթության և գիտության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարների, ինչպես նաև թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր  կուսակցությունների առաջնորդների հետ: Հանձնակատարի ծրագրում նախատեսված է հանդիպում նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ այցով Ֆյուլեն Բաքու էր մեկնել մայիսին՝ հանդիպելով Իլհամ Ալիևի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում Ֆյուլեն Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունների թեմայով դասախոսություն կկարդա ուսանողների համար:

Tekali Taxi