Home / Հայաստան / Ռուսաստանը ճնշում չի գործադրում, Հայաստանը մտադիր է նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը. փոխնախարար

Ռուսաստանը ճնշում չի գործադրում, Հայաստանը մտադիր է նախաստորագրել Ասոցացման պայմանագիրը. փոխնախարար

Հայաստանի փոխարտգործնախարար, Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից շուրջ մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքը չի ցանկանում կապել Հայաստան-Եվրամիություն մերձեցման ծրագրերի հետ։ 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխնախարարն ասել է, թե չի կարծում, որ այդ քայլով, ինչպես նաև Հայաստանին վաճառվող գազը թանկացմամբ պաշտոնական Մոսկվան անուղղակի ճնշում է գործադրում, որպեսզի Հայաստանը հրաժարվի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից և միանա Մաքսային միությանը:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ Հայաստանը հստակ հաշվի է առնում և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության նկատմամբ իր պարտավորությունները, և չի կարող մի ուղղությամբ գնալ՝ մյուսի  հետ հարաբերությունների հաշվին. «Կարևորագույն սկզբունքը եղել է համադրումը, այլ ոչ թե հակադրումը»:

Նա ընդգծել է, որ պետք է շատ լուրջ հաշվի առնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների խորությունը։

«Դրանք մեկ օրում չեն կառուցվել և հիմքերը բավական ամուր են։ Գործընկերները խոսում են միմյանց հետ, գործընկերները կարող են միմյանց բացատրել, հասկանալ։ Ես չեմ կապում որևէ բան որևէ բանի հետ, որովհետև մենք ունենք մեր գործընկեր Ռուսաստանը և մեր գործընկեր Եվրամիությունը, մենք ունենք մեր ձևաչափերը համագործակցության, և այդ շրջանակում տանում ենք մեր արտաքին քաղաքականության գիծը: Մենք շատ զգայուն ենք, մենք չենք կարող մի ուղղությամբ գնալով խախտել մյուս ուղղությունները։ Եվրամիության մեր գործընկերների հետ բանակցել ենք շատ ճշգրիտ, շատ խելամիտ ձևով, որոնք շատ լավ հասկանում են, որ երկրորդ կողմն ունի իր հնարավորությունների և պարտավորությունների շրջանակը։ Այդ առումով մեր պայմանագրերի մեջ չէինք կարող ի սկզբանե ունենալ բաներ, որոնք բերեին մեր արտաքին քաղաքականության ուղղությունների հակադրմանը։ Դա բացառվել է 22 տարի, բացառվելու է նաև հետագայում։ Սա մեզ համար խստագույն անվտանգության հարց է: Նկատի ունեմ՝ համապարփակ անվտանգության», – ասել է փոխնախարարը:

Նշենք, որ երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հույս էր հայտնել, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովում Հայաստան – ԵՄ ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի:

Գլխավոր բանակցող փոխնախարարը «Ազատության» հետ զրույցում նման կարծիք է հայտնել. «Իհարկե, այդ մտադրությունը միանշանակ կա, մենք բովանդակային հիմնական մասերը վերջացրել ենք և այդ ամենով շարժվում ենք դեպի Վիլնյուս»:

Լուսանկարը՝ azatutyun.am

Tekali Taxi