Home / Հայաստան / Փաստաբանը պահանջում է մահացած 20-ամյա կնոջ գործը Երևանում քննել. Աբովյանում ճնշելը հեշտ է

Փաստաբանը պահանջում է մահացած 20-ամյա կնոջ գործը Երևանում քննել. Աբովյանում ճնշելը հեշտ է

2012 թվականի հուլիսի 12-ին մահացած Մարո Գուլոյանի քրեական գործի  քննությունը Երևանում վերաբացելը նման է վերջին հույսի, քանի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն այն այլ տեղ տեղափոխելու տարբերակ չունեն: Մնում է հավատալ, որ տուժող կողմի օրինական պահանջը կբավարարվի և իրականությունը կբացահայտվի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գուլոյանի շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Մինասյանը:

Գործը քննել է Կոտայքի մարզի ոստիկանության քննչական բաժինը, ապա այն կարճվել է: Տուժող կողմի բողոքներից հետո ՀՀ գլխավոր դատախազը որոշել է նոր քննություն նշանակել, սակայն այն կրկին ուղարկել են Կոտայքի մարզ, ինչից էլ դժգոհ է Լուսինե Մինասյանը: Ավելի վաղ նա փաստարկներ էր բերել, որոնք կասկածի տակ են դնում աղջկա ինքնասպանության պաշտոնական վարկածը:

Մինասյանը պնդել է, որ տուժող կողմն առհասարակ վստահություն չունի գործը քննող մարմնի օբյեկտիվության, օրենքը ճիշտ կիրառելու ցանկության և հնարավորության նկատմամբ:             

«Մեզ համար արդեն ակնհայտ է՝ եթե երեք քննիչ չկարողացան պահպանել օրենքի պահանջները և խախտումներ թույլ տվեցին, ապա նույնը լինելու է  նաև չորրորդի կողմից, քանի որ նրանց վերադաս, պաշտոնատար անձինք նույնն են՝ նույն հսկողությունն  է իրականացվելու, նույն հսկողությունն է ապահովվելու նաև մարզի դատախազության կողմից, որը, ըստ մեզ, թերի էր», – ասել է Մինասյանը:

Փաստաբանը նշել է, թե իրենք որևէ ակնկալիք ու սպասում չունեն ոչ Կոտայքի մարզի դատախազությունից, ոչ էլ ընդհանուր մարզից, հետևաբար իրենց պահանջը տեղափոխել են Երևան:

«Ես միշտ ասում եմ, որ կա երկու տարբերակ՝ կամ այդ մարդիկ քրեադատավարական նորմերին այնքան էլ լավ ծանոթ չեն, կամ էլ պարզապես իրականությունը բացահայտելու ցանկություն չկա, քանի որ դրա հետևում միգուցե ավելի լուրջ պատկեր է թաքնված, թե իրականում ինչ է տեղի ունեցել», – պատմել է մեր զրուցակիցը:

Նա դժվարացել է ասել՝  իրականում սպանության հետևանքո՞վ է գրանցվել մահը, թե ոչ, քանի որ սցենարները կարող են տարբեր լինել:

Մինասյանի խոսքով՝  հաշվի առնելով Կոտայքի մարզի քաղաքական վիճակը՝ պետք չէ ոչինչ ակնկալել կամ պահանջել, պարզապես պետք է գործը տեղափոխել Երևան ու նոր միայն պահանջել չեզոք, արդար քննություն:

Նշենք, որ Մարո Գուլոյանի ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ազգականն է:

«Քանի որ Երևանում դեռևս քննություն չի իրականացվել, ուստի չենք կարող համեմատություններ անցկացնել, թե որտեղ է ավելի լավ ացկացվում քննությունը, բայց գոնե հույս ունենք, որ Կոտայքի մարզի քաղաքական հարցը չի լինի Երևանում, քանի որ մարզում ճնշնում գործադրելը ավելի հեշտ կլինի, քան Երևանում», – ասել է մեր զրուցակիցը:

Լուսինե Մինասյան

Փաստաբանը նշել է, թե կոնկրետ ճնշումներ գործադրող անձանց անուններ իրեն հայտնի չեն, սակայն ներկայացրել է Գևորգ Գուլոյանի հորեղբոր՝ Արմեն Գուլոյանի պահվածքի որոշ դրվագներ, որոնք շատ լուրջ անհանգստության նշաններ են հանդիսանում: Մինասյանը նշել է, որ Արմեն Գուլոյանը Կարո Գուլոյանի վարորդն է:

«Իմ աչքով տեսա նրա խուլիգանական վարքագիծը ու նաև ոստիկանների շատ հանդուրժող, հանգիստ վերաբերմունքը ու շատ լուրջ մտորման առիթ հանդիսացավ այն, որ այդ մարդուն կարգի հրավիրելն իրենց համար մեծ  դժվարություն էր ներկայացնում: Ես բազմաթիվ դիմումներ եմ գրում, որ այս մարդուն հրավիրեք, հասկացրեք, թե ինչո՞ւ էր նման վարքագիծ դրսևորում, և 20 օր հետո նրան կանչում են, նա էլ գրում է, թե՝ «գիտեք ինչ՝ ես փոքր-ինչ բարկացած էի, չկարողացա ինձ կառավարել»: Ես համոզված եմ, որ եթե նրա փոխարեն լիներ մեկ այլ անձ, նրա արարքը որակվելու էր որպես խուլիգանություն, քրեական գործ էր հարուցվելու և այլն: Նման բան տեղի չունեցավ ու այս օրինակը արդեն մտահոգության տեղիք է տալիս», -ասել է փաստաբանը:

Մինասյանը այսօր 17:00-ին կրկին  հանդիպելու է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին ու Գուլոյանի գործը Երևան տեղափոխելու պահանջի վերաբերյալ երկրորդ դիմումը նրա միջոցով փորձելու է փոխանցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

«Անել մի քայլ, որը ուղղված է օրինական նպատակի իրականացմանը, բայց թողնել մի տեղ, որտեղ ի վիճակի չեն այդ ամենն անել, անարդյունավետ է դարձնում առաջին դիմումի պատասխանը, ուստի սա պետք է շարունական լինի», – եզրափակել է Մինասյանը: 

Tekali Taxi