Home / Հայաստան / Ազատամարտիկն անժամկետ հացադուլ է սկսել Ազատության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատամարտիկն անժամկետ հացադուլ է սկսել Ազատության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատամարտիկ Շամիր Սահակյանն այսօր Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է սկսել՝ իր բնակության վայրի հարցը լուծելու պահանջով:

2011 թվականի հոկտեմբերի 30-ին Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանին, ով հանձնարարել է բնակարան տրամադրել ազատամարտիկին: Epress.am-ի հետ զրույցում Սահակյանը պատմել է, որ հանդիպման հաջորդ օրը ՊՆ-ի սոցվարչության պետն ասել է, որ այդ բնակարանը ուրիշ տեր ունի, և ազատամարտիկը պետք է սպասի՝ մինչև այդ հարցը լուծվի:  

Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իրեն «տանում-բերում են, փափուկ բարձ են դնում գլխի տակ», սակայն բնակարան չեն տալիս: Մեր զրուցակիցը նշել է, որ 50 հազար դրամ թոշակ է ստանում և չի կարողանում բնակարանի վարձ վճարել:

«35 հազարը տալիս եմ տան վարձ: Եթե տան վարձ եմ տալիս, երկու երեխաներս սոված են մնում, եթե երեխաներին կերակրում եմ, պարտքեր են կուտակվում»,- ասել է Սահակյանը:

Նա փորձել է կրկին հանդիպել Սեյրան Օհանյանի հետ, սակայն հանդիպում չեն նշանակել: Սահակյանը կարծիք է հայտնել, թե նախարարը չգիտի, որ իր՝ ազատամարտիկին բնակարան տալու հրամանը չի կատարվել:

«Վատ կացության մեջ են բոլոր ազատամարտիկները: Մեր իշխանությունները չեն գիտակցում, որ ոչ մի ռուս, ղազախ զինվոր չի պահելու մեր երկիրը այնպես, ինչպես մենք ենք արել ու կանենք»,- ասել է Շամիր Սահակյանը:

Ի համերաշխություն հացադուլ անող Սահակյանի՝ մի խումբ ազատամարտիկներ այսօր նրա կողքին նստացույց են անցկացնում:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ չորեքշաբթի ազատամարտիկները հրավիված են վարչապետի մոտ՝ խոսելու իրենց խնդիրների լուծման տարբերակների մասին:

«Մենք  պահանջում ենք գոնե կրկնակի բարձացվի մեր թոշակը, մանավանդ, որ գազը թանկացել է, ամեն ինչ հետը թանկացել է»,- ասել է Ավետիսյանը: 

Tekali Taxi