Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստներին սպառնացել էին ձերբակալությունից օրեր առաջ. Արեգ Գևորգյանը պատմել է մանրամասները (ՎԻԴԵՈ)

ՀԱԿ ակտիվիստներին սպառնացել էին ձերբակալությունից օրեր առաջ. Արեգ Գևորգյանը պատմել է մանրամասները (ՎԻԴԵՈ)

2011 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը, որից հետո ձերբակալվեցին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները, նախապատմություն ունի: Դա նույն թվականի հունիսի 30-ին տեղի ունեցած իրադարձությունն է, ինչին մինչ օրս բավականաչափ ուշադրություն չի դարձվել:

Այս մասին այսօր՝ Գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի անցկացվող ուրբաթօրյա հերթական ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ակտիվիստ Արեգ Գևորգյանը:

Դիմելով հավաքվածներին՝ Գևորգյանը ներկայացրել է դեպքի մանրամասները՝ ասելով, թե իրենք պարբերաբար ներկայացնելու են հանցավոր իշխանության գործողությունները, որոնք մինչ օրս ուշադրության չեն արժանացել:

«Եթե հիշում եք՝ այդ օրը Սարգիս Գևորգյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Խաչատրյանը և Դավիթ Քիրամիջյանը կենտրոնի ոստիկանության բաժին բերման են ենթարկվում Մաշտոց-Պուշկին խաչմերուկից: Այստեղ նրանք զրույց են ունենում Երևանի այն ժամանակվա փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի, Կենտրոնի այն ժամանակվա փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանի ու Վալերի Օսիպյանի հետ», – պատմել է Գևորգյանը:

Նա նշել է, թե  Մելքոնյանի կողմից ապօրինաբար բերման ենթարկված ակտիվիստներին վերոնշյալ անձինք մեկ պահանջ են ներկայացրել:

«Ասել են, թե պահանջում են, որպեսզի ակտիվիստները նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին որևէ արտահայտություն թույլ չտան: Սարգիս Գևորգյանը հարցնում է, թե կոնկրետ ի՞նչ արտահայտության մասին է խոսքը՝ «Սերժիկ, հեռացիր»-ի՞, ինչին ի պատասխան Մելքոնյանն ասում է՝ «այո»: Սարգիս Գևորգյանը պնդում է, թե ասելու  է, իսկ Մելքոնյանը ավելացնում՝ «եթե շարունակեք, համապատասխան գործողություններ կլինեն: Գևորգյանի՝ «ի՞նչ գործողություն» հարցին Մելքոնյանը պատասխանել է՝ «կանենք, կիմանաք: Այնուհետ շարունակելով հարցուպատասխանը՝ Սարգիսը հարցում է, թե արդյո՞ք փոխոստիկանապետը սպառնում է, վերջինս շեշտում է, թե սպառնում է, ու եթե սպառնում է, ապա  անպայման իրականացնում է», – նշել է Գևորգյանը:

Ակտիվիստն ընդգծել է, որ Մելքոնյանի վերջին նախադասությունը ապացույցն է այն բանի, որ  օգոստոսի 9-ին  նրա գլխավորությամբ ամբողջ ոստիկանությունը կազմակերպել ու իրականացրել է իր՝ մեկ ամիս առաջ հնչեցրած սպառնալիքը: 

«Համոզված եղեք, որ նույն Բազազը,  մյուս ոստիկանները կատարում են Սերժ Սարգսյանի ուղիղ հանձնարարությունները: Սերժ Սարգսյանի սադրանքի նպատակը մեկն է՝ ստեղծել վախի մփնոլորտ ու ստիպել, որպեսզի այդ տիպի ընդդիմություն Հայաստանում գոյություն չունենա: Սերժ Սարգսյանը  լիովին ձախողվել է՝ անցել է արդեն երկու տարի, ու երկու տարի անց ոչ միայն չի վերացել «Սերժիկ, հեռացիր» կարգախոսը, որն այդքան ցավեցնում է նրան, այլև մենք, այստեղ կանգնելով, ցույց ենք տալիս, որ ավելի վճռական շարունակում ենք պայքարը՝ ավելի մոտենալով Սերժ Սարգսյանի հեռացմանը», – ասել է Գևորգյանը՝ վանկարկելով  «Սերժիկ, հեռացիր» կարգախոսը, ինչին միացել են նաև ակցիայի մասնակիցները:

Նա նաև տեղեկացրել է, որ Առաքելյանի քրեական գործը Վճռաբեկ դատարանից՝ վերջինիս որոշմամբ ուղարկվել է Վերաքննիչ դատարան, և հուլիսի 4-ից սկսած՝  25 օրյա ժամկետում պարզ կլինի դատական նիստի նշանակման օրը:

Tekali Taxi