Home / Հայաստան / Ոստիկանության տեսուչը ծեծել է քաղաքացուն, ով հրաժարվել է իրեն 2-րդ անգամ կաշառք տալ. ՀՔԾ

Ոստիկանության տեսուչը ծեծել է քաղաքացուն, ով հրաժարվել է իրեն 2-րդ անգամ կաշառք տալ. ՀՔԾ

Պաշտոնեական լիազորությունները անցնելու և կաշառք պահանջելու մեղադրանքով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանը: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության  պաշտոնական կայքը:

Կայքի փոխանցմամբ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս Ավետիկյանը տեսել է, որ քաղաքացի Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով և, պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստն իր լիազորությունների շրջանակում չարձանագրելու և համապատասխան մարմիններին ըստ ենթակայության չուղարկելու համար, նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով:

«Ոստիկանության աշխատակիցը, չբավարարվելով հյուրասիրությամբ, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի նույն անգործության համար, դարձյալ նույն Կ. Հ.-ի միջոցով պահանջել է որպես կաշառք իրեն տալ նաև մինչև 100 000 դրամի սահմաններում գումար»,- նշված է հաղորդագրությունում:

Կայքը տեղեկացնում է, որ կաշառքի  նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղաքացի Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր: 

«Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ` ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Tekali Taxi