Home / Հայաստան / «Ստալինյան իրավահաջորդ Պուտինի երկրի» դեսպանությանը խալաթ հանձնեցին. բողոքի ակցիա (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

«Ստալինյան իրավահաջորդ Պուտինի երկրի» դեսպանությանը խալաթ հանձնեցին. բողոքի ակցիա (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Մի խումբ ակտիվիստներ այսօր Երևանում ՌԴ դեսպանության շենքի առջև պահանջել են պահպանել Ռուսաստանում ձերբակալված վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքները, ինչպես նաև դեսպանությանը կնոջ խալաթ են հանձնել:

Հրաչյա Հարությունյանը հայ է, այդ իսկ պատճառով է Ռուսաստանը լկտի վերաբերմունք դրսևորում այդ մարդու նկատմամբ. արդյո՞ք այդպիսի վերաբերմունք կդրսևորեին սլավոնական ազգի մեկ ուրիշ ներկայացուցչի նկատմամբ: Նման հարցադրմամբ են հանդես եկել այսօր ժամը 15:00-ից Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքված ակտիվիստները, մասնավորապես, իրավապաշտպաններ Լևոն Բարսեղյանն ու Ավետիք Իշխանյանը:

Ակտիվիստները պահանջում են հարգել վթարի մեջ մեղադրվող «Կամազ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքները: Նշենք, որ Հարությունյանի վարած «Կամազը», որի արգելակները չեն գործել, բախվել է ավտոբուսին: Տեղի ունեցած վթարի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են, վարորդին առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Նշենք, որ երեկ Հարությունյանին անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով են բերել դատարանի դահլիճ, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնելդեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը բողոքի ալիք է բարձրացրել հայլեզու բլոգերում, սոցցանցերում:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին հետևյալ գրություններով պաստառներ՝ «Халатное правосудие РД, прекратите шовинизм» (ՌԴ-ի խալաթային/անփույթ (ռուսերենում բառախաղ է) արդարադատությունը, դադարեցրեք շովինիզը), «Конституция РФ статья 21. право любой личности на достоинство – не действует для водителей армян?» (ՌԴ Սահմանադրություն, հոդված 21. արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է՝ չի՞ գործում հայ վարորդների համար):

Ակցիայի կազմակերպիչները ստորագրահավաք են անցկացրել՝ արդար և արժանապատիվ դատավարության պահանջով: Մոտ 60 ստորագրություններով փաստափուղթը ակցիայի կազմակերպիչները հանձնել են դեսպանատուն: Ավելի ուշ դեսպանության մոտ եկած ակտիվիստների ևս մեկ խումբ, որի կազմում են եղել Դաշնկացություն կուսակցության ներկայացուցիչները, դեսպանությանը կնոջ խալաթ է հանձնել՝ ի նշան բողոքի Հարությունյանի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի դեմ: Խալաթը չեն վերցրել և այն մնացել է կախված դեսպանության ցուցանակի վրա: Կնոջ խալաթի վրա գրված է եղել՝ «Ահա Ձեզ խալաթը, հագեք ինքներդ»:

Խալաթի լուսանկարը՝ Ֆոտոլուր

«Սրանից միջնադարի հոտ է գալիս՝ խտրական վերաբերմունքի դրսևորում է ու զարմանում եմ, որ գոնե Սփյուռքի նախարարությունը, չեմ ասում՝ ԱԳՆ-ն, մի կոշտ արձագանք այս կապակցությամբ չեն արտահայտում: Ո՞ւր է Սփյուռքի նախարարության ձայնը, որը միանգամից պետք է հնչեր, այս նախարարությունը կարծես ստեղծված է միայն սփյուռքի հայերին պաշտպանելու համար», – ասել է    Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ժուռալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ նշել է, որ պատահմամբ է իմացել կազմակերպված ակցիայի մասին ու շտապել է միանալ մասնակիցներին:

«Ռազմավարական կոչված այդ դաշնակցի նման վերաբերմունքի համար միանում եմ բողոքողներին, ուղղակի վստահ եմ՝ եթե վարորդը ռուս լիներ, նրա հետ նման կերպ չէին վարվի՝  խալաթով բերեին դատարան: Դատավորն էլ հաստատ կարգելեր նման դատաքննությունն ու կասեր՝ «կարգի բերեք ու հետո նոր միայն կշարունակենք», -ասել է Բարսեղյանը:

Լևոն Բարսեղյան

Ակցիայի մեկ այլ մասնակից, լրագրող Գայանե Առուստամյանը համոզմունք է հայտնել, թե  կոմայից նոր դուրս եկած Հարությունյանին խալաթով  դատարան «քարշ տալու» հանգամանքը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը նոտա է ուղարկում Հայաստան, թե՝ «խելոք մնացեք, մենք ենք, որ ձեր տերն ենք»:

«Մարդուն այդպես այլանդակ կտտանքի ենթարկելը ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում է, այլ վերաբերմունք՝ մի ամբողջ ազգի նկատմամբ: Ես ուղղակի պահանջում եմ ՌԴ-ի՝ ստալինյան իրավահաջորդ Պուտինի երկրում չոտնահարել մեր երկրի քաղաքացու իրավունքները և նրան էքստարդիցիա անել ու դատել հայրենիքում: Նա տեռորիստ չէ, նա նույնպես կարող էր զոհվել»,- ասել է Առուստամյանը:

Գայանե Առուստամյան

Ավելի ուշ ակցիայի մասնկիցներին են միացել Հարությունյանի  ընտանիքի անդամները՝ հայրը, եղբայրը, քույրը, կինը և դուստրը, ովքեր խնդրել են օգնել Հայաստանի համար կռված ազատամարտիկին:

Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, ով ակցիայի ամբողջ ընթացքում արտասվել է, Epress.am-ի թղթակցին ասել է, թե ամենավիրավորականն իր ամուսնուն այդքան նվաստացած տեսնել է:

Ձախից՝ Սեդա Հարությունյանը, աջից՝ Անահիտ Մարտիրոսյանը

«Աղաչում ենք, թող բերեն Հայաստան, ինքը նարկոման չէ, հանցագործ չէ, կարծում եմ՝  հնարավոր է, թող մեր ղեկավարությունը աջակցի», – ասել է քույրը՝ Սեդա Հարությունյանը:

Tekali Taxi