Home / Հայաստան / ՀՀ օմբուդսմենը ՌԴ գործընկերոջից խնդրել է զբաղվել հայ վարորդի իրավունքների պաշտպանությամբ

ՀՀ օմբուդսմենը ՌԴ գործընկերոջից խնդրել է զբաղվել հայ վարորդի իրավունքների պաշտպանությամբ

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Վլադիմիր Լուկինին՝ խնդրելով պաշտպանել Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը և իրավունքները:

Ցավակցելով Պոդոլսկի մոտ տեղի ունեցած պատահարի կապակցությամբ՝ օմբուդսմենը նշել է, որ 18 մարդու կյանք խլած վթարի համար մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին նվաստացուցիչ տեսքով՝ կնոջ խալաթով են բերման ենթարկել դատարանը:

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը  հարգվում և պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ: Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-դ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին», – գրել է Հրաչյա Հարությունյանը:

Tekali Taxi