Home / Հայաստան / ՌԴ դեսպանության մոտ բողոքում էին, ՌԴ հյուպատոսության մոտ հերթ էր

ՌԴ դեսպանության մոտ բողոքում էին, ՌԴ հյուպատոսության մոտ հերթ էր

Երևանում Ռուսաստանի դեսապանության մոտ այսօր կայացած հերթական ակցիան կազմակերպել էր «Հայազն» միությունը: Մեկ տասնյակ բողոքողներ մոտ 40 լրագրողների և ոստիկանների ներկայությամբ գունավոր խալաթ են կախել դեսպանատան ցուցատախտակին: Նույն տեղում նրանք նաև փակցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը խալաթով, որը նման էր այն խալաթին, որ հագին ուներ վարորդ Հրաչյա Հարությունյանը, երբ նրան Ռուսաստանում դատարանի դահլիճ էին բերել:

Հարությունյանի «Կամազը» հուլիսի 13-ին հարվածել է ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ զոհվել է և 30-ը՝ վիրավորվել:   

«Հայազն»-ի ներկայացուցիչներն այսօր, քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ և Դաշնկացություն կուսակցության երիտթևի ներկայացուցիչները երեկ բողոքում էին մեղադրյալի նկատմամբ ռուսաստանյան իրավապահ և դատական մարմինների կողմից դրսևորած նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ:  

Բողոքի ակցիայի վայրից մոտ 50 մետր հեռու ավելի շատ մարդ էր հավաքված: Այստեղ՝ ՌԴ-ի հյուպատոսության մոտ, քաքաղացիներ էին հավաքված, որոնք սպասում էին փաստաթղթերը հանձնելու, աշխատանքի կամ կացության իրավունք ստանալու, իսկ ամենահավակնոտները քաղաքացիություն ստանալու հերթին:

«Համերկրացիներ» ծրագրի համար Անդրանիկը մի քանի ամիս առաջ էր գրվել և եկել էր անձնագիր ստանալու: Նրա խոսքով՝ այսօր դեռ շատ մարդ չկար, եկել էին միայն նրանք, ովքեր արդեն հանձնել են փաստաթղթերը, սովորաբար մի քանի անգամ շատ մարդ է լինում: Նա հատուկ ընդգծեց, որ նրո անձնագրում իր անունը «Անդրեյ» չի գրվելու:

Ռուսաստանի դեսապանությունն արձագանքել է բողոքներին այսօրվա ակցիայից 2 ժամ անց:

«Ափսոսանք է առաջացնում այն հանգամանքը, որ հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ն, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, առանձին անձանց կողմից օգտագործվում է հակառուսական կրքերը բորբոքելու համար:

Մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական և հայ-ռուսաստանյան հարաբերությունների վատթարացման նպատակներով օգտագործելը համարում ենք անհարիր: Պատվիրված քաղաքական գնահատականներն անընդունելի են: Պոդոլսկի ողբերգությունը չունի ազգային նկարագիր, այն կհետաքննվի մանրակրկիտ, անկողմնապահ, բազմակողմանի կերպով»:

Ակցիայի ընթացքում «Հայազն» կուսակցության հասարակության հետ կապերի պատասխանատու Արմեն Հովհաննիսյանը դեսպանատան դիմացի մայթին կանգնած դժգոհում էր Հրաչյա Հարությունյանի մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության ռեպորտաժի կապակցությամբ:

Նրա խոսքով՝ հեռուստաընկերությունը վերահսկվում է ռուսաստանյան իշխանությունների կողմից, ամեն նյութ մինչև եթեր հեռարձակվելն առնվազն 5-6 ինստանցիա է անցնում, իսկ սյուժեի հեղինակը (Օլգա Սկաբեևան) հայտնի է որպես «Պուտինի երկաթյա տիկնիկ»:

Նա նաև օրինակ է բերել չեչենցիներին և այլ հյուսիսկովկասցիներին, ովքեր այլ կերպ են իրենց պահում իրավապահ մարմինների հետ շփումների ժամանակ:

«Տեսեք թե նրանք որքան խրոխտ, ես կասեի՝ չափից դուրս խրոխտ են պահում ոստիկանության հետ, վստահ են, որովհետև իրենք համոզված են, որ ունեն հայրենիք: Մինչև վերջին վայրկյանը մենք պետք է մեր հայրենակցի կողքին լինենք, իսկ իշխանությունները պետք է հետամուտ լինեն, որպեսզի նա գա Հայաստան և իր պատիժը կրի Հայաստանում: Հետո, իհարկե, Հայաստանի կառավարությունը կարող է այլ որոշումներ կայացնել», – ասել է Հովհաննիսյանը:

Այդ ընթացքում ՌԴ հյուպատոսարանի աստիճանների վրա շարժ սկսվեց: Հավաքվածների մոտ մի մարդ դուրս եկավ և ասաց, որ պետք է մի փոքր էլ սպասեն՝ կանչելու են ցուցակներով:

«Անասունները մեզ ընդհանրապես մարդու տեղ չեն դնում», – ցածր ձայնով ասաց մոսկովյան թերթը ձեռքին տարեց մի մարդ ու ավելի ցածր հայհոյեց հայերեն: Սմբատ Գուրգենովիչը փաստաթղթերի է սպասում, որոնք կհաստատեն ԽՍՀՄ-ում ունեցած իր 54-ամյա աշխատանքային ստաժը և հնարավորություն կտան ռուսաստանյան թոշակ ստանալ, որը մի քանի անգամ ավելի շատ է, քան հայաստանյանը: Ռուսաստանում հոր փաստաթղթերով զբաղվում է որդին, ով ավելի քան 20 տարի ապրում է Սանկտ Պետերբուրգում և ատամնաբույժ է աշխատում:  

Փողոցի այն կողմում ազգայնական կուսակցության ներկայացուցչիները հայտարարում էին, որ, հնարավոր է, Հայաստանում էլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, սակայն դա չի  դրսևորվում պետական մակարդակով: Պատասխանելով այն հարցին, թե ինչու կուսակցությունը միայն նվաստացուցիչ վերաբերմունքի այս դեպքից հետո է բողոքի ակցիա անցկացնում՝ Հովհաննիսյանը պատասխանել է, թե սա առաջին դեպքն է, երբ  ռուսաստանյան պետությունը և իրավապահ մարմինները նման մասշտաբով խրախուսում են ռասիզմը Հայաստանի քաղաքացու նկատմամբ:

Անցավ մեկ ժամ, իսկ հյուպատոսական բաժնի դիմաց հերթը չէր պակասում, 35 աստիճանանոց շոգը տանելն ավելի ծանր էր: Շենքից դուրս եկած մարդը հայտարարեց, որ փաստաթղթեր հանձնելու համար եկածները կարող են չսպասել և գալ հաջորդ ընդունելության օրը:

«Ինչ կարող եմ անել»՝ պատասխանում էր դեսպանության մարդը՝ լսելով, որ մարդիկ բողոքում էին, թե արդեն երեք ժամ հերթի մեջ են կանգնած: «Առավոտից ա պետք գալ», – հայտարարեցին նրանք, ովքեր մնում էին: Նրանց բախտը բերել է. շուտով հավանաբար նրանք օրինական կացության և աշխատանքի փաստաթղթեր կստանան Ռուսաստանում, որտեղ կդառնան հայ վարորդ, հայ շինարար, հայ ուսուցչուհի, հայ կողոպտիչ, հայ բուժքույր, ազգությամբ հայ և Հայաստանից ներգաղթած:

«Ամեն ինչ էրեխեքի համար ենք անում, իզուր եք մեզ դատապարտում: Կնայեմ ձեզ, երբ որ դուք էլ ծնող դառնաք», – ասաց երեխան ձեռքին կանգնած կանանցից մեկը, ով արգելեց լուսանկարել: Ես ենթարկվեցի:

Յուրի Մ

Tekali Taxi