Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանի կողմից ծեծվածի վիճակը ծանր է. քննիչներին նրա մոտ չեն թողել

Վարդան Ղուկասյանի կողմից ծեծվածի վիճակը ծանր է. քննիչներին նրա մոտ չեն թողել

Երեկ Գյումրիի դատարանում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի առողջական վիճակը ծանր է: Նա գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Epress.am-ի հետ զրույցում Սարգսյանի հարազատներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ, ասել է, որ 63-ամյա Սարգսյանի մոտ ծեծի հետևանքով առաջացել է նախակաթվածային վիճակ, բարձրացել է ճնշումը: Սարգսյանն ունի նաև սալջարդեր: Ըստ մեր զրուցակցի՝ անգամ մոտ բարեկամներին բժիշկներն արգելում են տեսակցել հիվանդին: Երեկ նրան նաև քննիչներ են այցելել, ովքեր ցանկացել են հարցաքննել տուժածին, սակայն բժիշկները խնդրել են առայժմ սպասել:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուսաննա Հակոբյանը Epress.am-ին ասել է, որ այսօր շրջայցի ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ վիճակի փոփոխություն չկա: Երեկվա պես նրա մոտ սրտի անոթների ուժեղ սպազմ է նկատվում: Այս պայմաններում, ըստ բժշկի, պետք է սպասել արյան անալիզներին՝ առողջական վիճակին գնահատական տալու համար:

Մեզ հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը պատմել է, որ ինքը դիմել է Շիրակի մարզի դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Ըստ փաստաբանի՝ գործ պետք է հարուցվի այն հիմքով, որ վկան անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի հանդեպ՝ վիրավորելով դատավարության կողմերից մեկին:

Նշենք, որ երեկ դատարանում քննվում էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործը: Մեղադրյալը Սամվել Սարգսյանի որդին է՝ Հարություն Սարգսյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում

Tekali Taxi