ՀՀ ոստիկանությունը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետռեգիստրից ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից արված հարցման պատասխանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Դրանից պետք է պարզ լինի, թե արդյոք ՀՀ վարչապետն իմացել է, որ ինքն օֆշորային ընկերության փայատեր է:
Հիշեցնենք, որ Կիպրոսում ՀՀ վարչապետի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով ընկերություն է գրանցվել: Սարգսյանն ու Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային ընկերության հետ, իսկ Սուքիասյանը պնդում է, որ ընկերությունը ինքն է գրանցել առանց Սարգսյանի և Կճոյանի գիտության: Կիպրոսի գլխավոր դատախազն այս առնչությամբ հայտարարել էր, որ հնարավոր չէ առանց անձի գիտության Կիպրոսում ընկերություն գրանցել:
Թերթը նշում է, որ առայժմ անհայտ է, թե ինչ են պատասխանել Կիպրոսից: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ պատասխանը կցվել է օֆշորային այդ պատմության գործով հարուցված քրգործին և չի կարող հրապարակվել:
«Սա նշանակում է, որ Կիպրոսից եկած պատասխանը դարձավ «նախաքննական գաղտնիք»: Իսկ փորձը ցույց է տալիս, որ «նախաքննական գաղտնիք» սովորաբար դառնում են այն փաստերը, որոնց հրապարակումը ձեռնտու չէ իշխանություններին»,- մեկնաբանում է «Հայկական ժամանակ»-ը: