Home / Տեսանյութեր / Վարորդների գործադուլը երկար չտևեց. չինովնիկները ստիպեցին երթուղի վերադառնալ (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Վարորդների գործադուլը երկար չտևեց. չինովնիկները ստիպեցին երթուղի վերադառնալ (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Քաղաքապետարանի պաշտոնյաները ստիպել են գործադուլ անող տրոլեյբուսի վարորդներին երթուղի վերադառնալ:

Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձանի մոտ այսօր մեկնարկած 1, 10, 9 համարի երթուղիների տրոլեյբուսների գործադուլը  երկար չի տևել: Այն գրավել է ոչ միայն տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների, լրագրողների ուշադրությունը, այլև քաղաքապետարանի տրոլեյբուսների վարչության աշխատակիցների, ովքեր արագ միջոցներ  են ձեռնարկել գործադուլի մասայականացումը կանխելու համար: 

Գործադուլին մեկ ժամվա ընթացքում միացել էր մոտ 18 տրոլեյբուսի վարորդ: Նրանք պատմել են, որ շաբաթ օրվանից, երբ ուղեվարձը բարձրացել է 50 դրամով, իրենք ստիպված են օրական պլանը կրկնակի անգամ ավել մուծել՝ 12500-ի փոխարեն 25000: Այդ օրվանից տրոլեյբուսի վարորդները մինուսով են աշխատում: Նրանց խոսքով՝ իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ տրոլեյբուսով երթևեկում են ամենաանապահով խավերը, մասնավորապես, թոշակառուները և հաշմանդամները՝ անվճար, իսկ մյուս ուղևորների 70%-ը շարունակում է 50 դրամ վճարել, թեև սակագինը 100%-ով բարձացվել է:

Գործադուլի վայր եկած տրոլեյբուսների վարչության աշխատակիցները, այնուամենայնիվ, ստիպել են հավաքված վարորդներին երթուղի վերադառնալ:

Մինչ որոշ վարորդները զրուցում էին լրագրողների և ակտիվիստների հետ տրոլեյբուսները սկսել են շարժվել: Լրագրողները նկատել են, որ վարորդները հեռախոսազանգեր են ստանում, որից հետո արագ նստում տրոլեյբուս և հեռանում: Epress.am-ի թղթակիցը հարցրել է վարորդներից մեկին, թե ինչ զանգ է նա ստացել, արդյոք իրեն սպառնում էին: Վարորդը պատասխանել է, որ զանգողը ևս ժողովուրդի մի մաս է՝ իր և հավաքվածների պես:

Բողոքող վարորդները

Երևանի քաղաքապետարանի տրոլեյբուսների շահագործման բաժնի պետ Սերգեյ Սողոմոնյանին՝ իր աշխատակիցներ Սամվել Երեմյանի և Հրաչ Հարությունյանի հետ ինչ-որ ժամանակ չէին ցանկանում ներկայանալ և պատասխանել լրագրողների հարցերին:

Երկար բանակցություններից հետո Սողոմոնյանը համաձայնել է զրուցել հավաքվածների հետ:

«Դուք եք ստիպում, որ վարորդները չաշխատեն: Մտնում եք խանութ, հաց եք առնում, շաքար եք առնում, վճարում եք, չէ՞: Գինը նորմալ չի չէ՞, բայց վճարում եք: Ինչո՞ւ եք խուսափում տրանսպորտի վճար տալուց:  Հիշում ե՞ք՝ տրամվայ էր աշխատում, ուզում էք տլոլեյբուսի գլխին էլ նույնը գա: Ինչքան կարելի է սուբսիդիա ստանալ»,- ասել է Սողոմոնյանը:

Սերգեյ Սողոմոնյան

Լրագրողները փոխանցել են տրոլեյբուսների վարորդների մտահոգությունն այն մասին, որ նրանք չեն կարողանում օրական պլանը կատարել և այն պետք է նույնը մնա:

Սամվել Երեմյանն ասել է, որ «դա լրագրողների պրոբլեմը չէ»:

«Պլանը ձեզ չի վերաբերվում: Վարորդներին չի կարելի աշխատանքի մեջ նեռվայանցնել: Եթե մի բան պատահի, ով է պատասխան տալու»,-ասել է Երեմյանը:

«Իսկ մենք ոնց ենք պլանը տալու, պարոն Երեմյան» վարորդի հարցին՝ վերջինս պատասխանել է՝ «մի կերպ, դու քշի»:

Վարորդները նաև բողոքել են, թե ստիպված են անընդհատ վեճի բռնվել ուղևորների և ակտիվիստների հետ: Նրանցից մեկը՝ Ալյոշա Մուսաելյանը, վիճել է ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների հետ, քաշքշուկի ընթացքում պատռվել է նրա վերնաշապիկը, ապա վատացել է սիրտը: Վեճի ժամանակ իրեն վատ է զգացել նաև վարորդ Հայկ Դավթյանը, ում հիվանդանոց են տեղափոխել: Ակտիվիստների հետ լեզվակռվից հետո վատացել է նաև Կոլյա Ղուկասյանի ինքնազգացողությունը:

Վարորդները նշում են, որ ակցիաների և բարձրացված օրավավարձի պայմաններում իրենք ի վիճակի չեն աշխատել: 

Tekali Taxi