Home / Հայաստան / Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորը ցանկանում է տեղեկանալ հայկական շենքի ճակատագրի մասին

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորը ցանկանում է տեղեկանալ հայկական շենքի ճակատագրի մասին

Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրիքուլուն խորհրդարանական հարցում է ներկայացրել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Օմեր Չելիքին՝ կապված հայկական «Սանսարյան Հան» շենքի խնդրի հետ:

Ստամբուլի պատմական հատվածում գտնվող «Սանսարյան Հան» համալիրը տարաձայնությունների առիթ է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը կառույցը աճուրդի միջոցով վարձակալությամբ է հանձնել, մինչդեռ Պոլսո հայոց պատրիարքությունը պահանջում է վերադարձնել նախկինում իրեն պատկանած շենքը: Այդ հարցով դատական գործն այժմ ընթացքում է, ու չնայած դրան, շենքը վարձակալությամբ են հանձնել երրորդ կողմին:

Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News-ը, պատգամավորի հարցումն առաջին հերթին վերաբերում է «Սանսարյան Հան»-ի ճակատագրին, բայց դրանում նաև ավելի լայն հարց է բարձրացվում՝ հիմնադարամի սեփականությունների վերաբերյալ:  Թանրիքուլուն Չելիկին հարցրել է՝ ինչպես է նա վերաբերում աճուրդին, ու արդյոք նա ինչ-որ ցուցումներ է տվել շենքի վերաբերյալ: Ըստ Doğan լրատվական գործակալության տեղեկության՝ պարզվել է, որ համալիրը 2 տասնյակ տարով է վարձակալությամբ հանձնվել, իսկ շենքը նախատեսում են հյուրանոց դարձնել:

Թանրիքուլուն նաև հարցրել է՝ արդյոք նախարարը պատրաստ կլինի «շենքը վերադարձնել Պոլսո հայոց պատրիարքությանը», եթե դատարանը նրա օգտին որոշում կայացնի:

«Սանսարյան Հան»-ը Պոլսո Հայոց պատրիարքությանը նվիրաբերվել է 1881 թվականին և կառավարության կողմից առգրավվել 1935-ին: Համալիրը օգտագործվել է որպես ոստիկանական բաժանմունք, որտեղ խոշտանգումների են ենթարկվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ հայտնի մտավորականներ, նշանավոր բանաստեղծներ և գրողներ: Կառույցը որոշ ժամանակ օգտագորվել է նաև որպես դատարան: 

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինության հուլիսի 18-ին կազմակերպած աճուրդում հաղթել է Օզգեյլան շինարարական ընկերությունը: 

Tekali Taxi