Home / Հայաստան / Ուղեվարձի իջեցումը չպետք է արվի պետբյուջեի սուբսիդավորման հաշվին. ակտիվիստներ

Ուղեվարձի իջեցումը չպետք է արվի պետբյուջեի սուբսիդավորման հաշվին. ակտիվիստներ

Ուղեվարձի թանկացման դեմ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները ենթադրում են, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներառված 1 գաղտնի հարցը, որը պետք է ներկայացնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առնչվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդիրներին:

Այս առնչությամբ նախաձենությունը դիմել է ՀՀ կառավարության անդամներին.

«Անընդունելի և հակաժողովրդավարական պրակտիկա ենք համարում հանրային ոլորտը շոշափող հարցերի փակ քննարկումը: Երևանի քաղաքապետն ընտրովի պաշտոն է և պարտավոր է բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել առաջին հերթին իր ընտրողներին:

Չենք ընդունելու տրանսպորտի սակագինը իջեցնելու մասին որևէ լուծում, որը կիրականացվի ՀՀ պետբյուջեից սուբսիդավորման կամ որևէ այլ փոխհատուցման եղանակով՝ հանրային այլ ոլորտներին ուղղված ծախսերի կրճատման հաշվին:

Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության շրջանակում, և կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին:

Եթե ՀՀ կառավարությունն արդարացրեց մեր մտահոգությունները և փորձեց նման եղանակով լուծել առկա խնդիրը, մենք կարձանագրենք, որ գործադիր իշխանությունը դառնում է քաղաքապետարանի կողմից ընդունված ապօրինի որոշման մասնակիցը: 

Եթե կառավարությունը, ամեն դեպքում, ցանկանում է նպաստել խնդրի լուծմանը, ապա դրա միակ ճանապարհը հանրային բաց և թափանցիկ լսումների կազմակերպումն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց տեսակետները պետք է միանշանակորեն հաշվի առնվեն որոշում ընդունելիս»:

Tekali Taxi