Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ – Ավանում շատացել են «անվճար մեքենաները». երթուղայինները կիսադատարկ են շարժվում

ՎԻԴԵՈ – Ավանում շատացել են «անվճար մեքենաները». երթուղայինները կիսադատարկ են շարժվում

Ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները տեղափոխվում են Երևանի ծայրամասեր: Երեկ առավոտյան 5 ակտիվիստներ ակցիա են անցկացրել Ավանում, ապա ավելի մեծ խումբ թանկացման դեմ բողոքել է Աջափնյակում՝ Հալաբյան փողոցի կանգառներից մեկում:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այսօր Ավանում՝ Ավան-Առինջ տանող ճանապարհի խաչմերուկի կանգառում, ակտիվիստներն էլ ավելի մեծ խմբով են հավաքվել՝ մոտ 15 մարդ: Նրանք ձեռքերում պահել են «Մենք ենք տերը մեր Ավանի», «Վարորդ, մեր պայքարը քո դեմ չէ», «Վարորդ, միացիր անվճար մեքենա պայքարին» գրությամբ պաստառներ: Կանգառում կանգնած ակտիվիստները կոչ են անում ուղևորներին 100 դրամ վճարել, ինչպես նաև քաջալերում են կանգառում սպասողներին նստել այն մեքենաները, որոնք պատրաստ են անվճար տեղափոխել մարդկանց:

Մեր թղթակիցը նշում է, որ մարդկանց անվճար տեղափոխող մեքենաների թիվը բավական շատ է. 15 րոպեի ընթացքում կանգառից մոտ 25 մարդ անվճար մեքենա է նստել, և երթուղայինները կիսադատարկ են հեռացել կանգառից: Այս պահին ակտիվիստները «Մենք ենք տերը մեր Ավանի» վանկարկումներով երթ են անցկացնում թաղամասով: Նրանց ուղեկցում են մի քանի ոստիկաններ, ինչպես նաև քաղաքացիական հագուստով տղամարդիկ, ովքեր չեն ներկայանում:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Անի Կաղինյանը, ակցիաների ապակենտրոնացումը չափազանց կարևոր է բողոքի ակցիաների հաջողությունների համար: Կաղինյանը նաև նշել է, որ Ավանում, որտեղ բնակվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շատ կարևոր էր կոտրել վախի մթնոլորտը, և, ակտիվիստի կարծիքով, այսօրվա ակցիան ապացուցել է, որ դա հաջողվել է անել: Եվս մեկ ապացույց է այն, որ Ավանում շատացել են «անվճար մեքենա» ակցիայի մասնակիցները:

Նշենք, որ այսօր համացանցում հայտնվել է «Չեմ վճարելու 150 դրամ» սոցիալական գովազդը: Տեսանյութը պատրաստել է «Կարգին ստուդիան», իսկ դրանում նկարահանվել են հայաստանյան շոու բիզնեսի աստղեր, լրագրողներ, հասարակական գործիչներ, ովքեր այս օրերին մասնակցում են «անվճար մեքենա» Free Car ակցիային:

Tekali Taxi